Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանն Արամ առաջինի հետ քննարկել է Հայաստանի զարգացմանը վերաբերող հարցեր


Վարչապետ Կարեն Կարապետյանը Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում երեկ այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի Արամ առաջինի հետ:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, հանդիպումից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, այնուհետ՝ մայրավանքի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ:

Կարեն Կարապետյանը և Արամ առաջինը քննարկել են Հայաստանի զարգացմանը վերաբերող հարցեր:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներկայիս իրավիճակը և վերջին շրջանի տնտեսական աճի ուղղությամբ արձանագրված ցուցանիշները՝ նշելով, որ կառավարությունը շարունակում է ավելի լավ արդյունքներ արձանագրելուն ուղղված քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում:

Կարեն Կարապետյանը նաև մանրամասներ է ներկայացրել Լիբանանի ղեկավարության հետ ունեցած բանակցությունների վերաբերյալ՝ դրանք որակելով արդյունավետ և կառուցողական:

Արամ Ա Կաթողիկոսը կարևորել է վարչապետի պաշտոնական այցը Լիբանան և մասնավորապես, տնտեսական հագեցած օրակարգը, որը լավ հնարավորություն է համարել երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները քննարկելու առումով:

Վարչապետը նաև պատասխանել է ներկա գտվող համայնքի ներկայացուցիչներին հետաքրքող հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի տնտեսական օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հեռանկարներին, Հայաստան-Եվրամիության փոխգործակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG