Մատչելիության հղումներ

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են անցկացվում


Արխիվ ֊֊ Զորավարժություններ Ադրբեջանում, 2017թ․

Ադրբեջանում այսօր մեկնարկել են հնգօրյա լայնածավալ զորավարժություններ, որոնց շուրջ 25 հազար զինծառայող է մասնակցում: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Երկրի ռազմական գերատեսչության տվյալներով՝ զորավարժություններին ներգրավված է նաև 250 միավոր զրահատեխնիկա, մինչև 1000 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, ինչպես նաև հինգ տասնյակ 50 միավոր տարբեր նշանակության ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ զորավարժությունների ընթացքում «բանակային ստորաբաժանումները հետ են մղելու պայմանական հակառակորդի հարձակումը և անցնելու են հակահարձակման»:

«Զորավարժությունների ընթացքում զորքերը պետք է կասեցնեն հակառակորդի հարձակումը, ինչպես նաև հակահարվածների միջոցով վերականգնեն պաշտպանության գիծն՝ ավելի ձեռնտու դիրքերի ներառմամբ՝ հետագայում անցնելով լայնամասշտաբ հակահարձակողական գործողության», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Այս վարժանքների անցկացման վայրն ադրբեջանական իշխանությունները չեն հստակեցնում, նշելով միայն, որ դրանք ծավալվելու են «լեռնային ռելիեֆի բարդ պայմաններում»:

Հնգօրյա զորավարժությունների ընթացքում ադրբեջանական զինուժը, ինչպես հաղորդվում է, կիրառելու է նաև վերջերս Ռուսաստանից, Իսրայելից և Չեխիայից ձեռք բերած մի շարք նոր զինատեսակներ:

Պաշտոնական Երևանը, արձագանքելով Ադրբեջանում այս տարվա առաջին զորավարժությանը, նշում է, որ դրանք անցկացվում են խախտումներով՝ առանց նախօրոք զգուշացնելու ԵԱՀԿ անդամ երկրներին:

«Ադրբեջանը զորավարժություններ է սկսել ( նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը)՝ առանց այդ մասին ԵԱՀԿ անդամ երկրներինտեղեկացնելու և կոպտորեն խախտելով կազմակերպության առջև ստանձնած հանձնառությունները», - թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Պաշտոնական Բաքուն հակադարձում է՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքում անցկացվող վարժանքները համապատասխանում են 2011 թվականի ԵԱՀԿ-ի Վիեննայի փաստաթղթին, այսօր ի պատասխան հայաստանցի պաշտոնակցին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը անցյալ տարի մի քանի զորավարժություններ էր անցկացրել՝ հարուցելով հայկական կողմի զայրույթը: Անցյալ տարվա թերևս ամենախոշոր վարժանքները ապրիլին էին՝ քառօրյա պատերազմից մեկ տարի անց, շուրջ 30 հազար զինվորականների մասնակցությամբ, որի նպատակն էր ստուգել զորքերի մարտական պատրաստվածությունը, կազմակերպել զինված ուժերի կառավարումն ու փոխգործակցությունը՝ գործողությունները մոտեցնելով մարտական իրավիճակի պայմաններին:

Ադրբեջանական բանակը իր սպառազինության մեծ մասը ձեռք է բերում Ռուսաստանից: Վերջին տարիներին Բաքվի և Մոսկվայի միջև կնքվել է ավելի քան հինգ միլիարդ դոլարի զենքի առքուվաճառքի գործարք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG