Մատչելիության հղումներ

1988 թվականին Եվրոպայի խորհրդին առընթեր ստեղծվեց Եվրիմաժը՝ համատեղ կինոարտադրության, ֆիլմերի վարձույթի և ցուցադրության աջակցության հիմնադրամը, որն այսօր արդեն 38 անդամ երկիր ունի՝ ներառյալ Հայաստանը:

Մեր երկիրըն անդամակցեց այս կառույցին 2 տարի առաջ՝ պարտավորվելով անդամակցության համար տարեկան վճարել 110 հազար եվրո:

Եվրիմաժի տարեկան ընդհանուր բյուջեն 25 միլիոն եվրո է: Տարին 4 անգամ գումարվող համաժողովում քննարկվում են Եվրիմաժի անդամ 38 երկրներից ներկայացված կինոնախագծերը, որոնցից յուրաքանչյուրը հաստատվելուց հետո կարող է մինչև 500 հազար եվրո գումար ստանալ հիմնադրամից:

Ի դեպ, գոյության 30 տարիների ընթացքում Եվրիմաժը շուրջ կես միլիարդ եվրո է տրամադրել 1726 եվրոպական համատեղ արտադրության ֆիլմերի համար:

Եվ ահա մարտի 13-17-ը Երևանում կանցկացվի Եվրիմաժի 150-րդ հոբելյանական նիստը, որը նախապատրաստել են Ազգային կինոկենտրոնն ու Մշակույթի նախարարությունը:

Եվրիմաժի հայաստանյան ներկայացուցիչներն են կինոգետ, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի նախագահ Սուսաննա Հարությունյանը և կինոռեժիսոր, Ռեանիմանիա փառատոնի հիմնադիր նախագահ Վրեժ Քասունին:

Նրանք այսօր Մշակությի փոխնախարար Արթուր Պողոսյանի և Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ միասին Եվրիմաժի՝ Երևանում անցկացվելիք 150-րդ նիստի կապակցությամբ հրավիրված ասուլիսին շեշտում էին, որ առաջիկա օրերին նիստին մասնակից եվրոպացի անվանի մոտ 70 կինոգործիչներ հնարավորություն կունենան ավելի լավ ճանաչել Հայաստանը՝ աշխատաքային զբաղվածությունը զուգակցելով նաև թանգարաններ և պատմամշակութային ուշագրավ վայրեր այցելելով:

«Կինոկենտրոնը և, մասնավորապես, մեր Եվրիմաժի ներկայացուցիչները ամենօրյա աշխատանքի մեջ են մեր արտադրողների հետ: Սա շատ բարդ պրոցես է, որովհետև Եվրիմաժի հայտը պատրաստելը իրենից ներկայացնում է երևի թե մի 200 էջանոց փաստաթուղթ, որտեղ ֆինանսական բոլոր պայմանները՝ հեղինակային իրավունքից սկսած, վերջացրած ով ինչ պարտավորություն ունի, ով ինչքան է ֆինանսավորում, որտեղ են ծախսվելու գումարները և այլն, և այլն․․․ Այս փաթեթը պետք է անթերի լինի», - ասաց Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Եվրիմաժում հայաստանյան ներկայացուցիչներ Սուսաննա Հարությունյանն ու Վրեժ Քասունին հավաստիացնում են , որ աստիճանաբար հայաստանյան կինոռեժիսորն էլ կսկսեն նախագծեր ներկայացնել ֆինանսավորման համար:

«Ազատության» հարցին, թե ինչն է պատճառը, որ մինչև այժմ Հայաստանից նախագծեր չեն ներկայացվել, Սուսաննա Հարությունյանը պատասխանեց․ - «Պատրաստվում են նախագծեր, և մեր ռեժիսորները բավականին լուրջ են վերաբերում այդ գործընթացին, որովհետև հայ ռեժիսորների կամ պրոդյուսերական ընկերությունների կողմից դեռ ոչ մի նախագիծ չի ներկայացվել»:

Վրեժ Քասունին հավելեց․ - «Եվրիմաժը ունի ստանդարտներ: Այդ ստանդարտների հիման վրա․․․ արդեն մի քանի նախագծեր կան, որ արդեն դիմելու փուլում են»:

Ի դեպ 2 կինոնախագծերում, որոնք արդեն իսկ ֆինանսավորվել են Եվրիմաժի կողմից, Հայաստանն իր մասնակցությունն է ունեցել: Խոսքը հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմի մասին է, որը 250 հազար եվրո ֆինանսավորում է ստացել Եվրիմաժից: Ֆիլմի ռեժիսորը Ալեքսանդր Կոտն է:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի փոխանցմամբ, այս ֆիլմը Երևանում և Մոսկվայում միաժամանակ կցուցադրվի ընթացիկ տարեվերջին՝ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ:

Մյուսը ռուս-ֆրանս-հայկական մի նախագիծ է «Ֆաբրիկա» խորագրով, որ 20 հազար եվրո օժանդակություն կստանա Եվրիմաժից: Հայկական կողմից ծրագրին մասնակցում է և ներդրումներ է կատարելու «Շարմ» ընկերությունը:

Երևանում վաղը մեկնարկելիք Եվրիմաժի նստաշրջանին կներկայացվի Արամ Խաչատրյանի կայնքի ու ստեղծագործության մասին պատմող հայ-ռուսական գեղարվեստական ֆիլմի համատեղ նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG