Մատչելիության հղումներ

Թրամփը Կորեայի հարցում «մեծագույն հաջողություն» է կանխատեսում


Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի նախագահներ Կիմ Չեն Ունը և Դոնալդ Թրամփը:
Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի նախագահներ Կիմ Չեն Ունը և Դոնալդ Թրամփը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ առաջիկայում կայանալիք հանդիպումից «մեծագույն հաջողություն» է ակնկալում:

Թրամփն ասել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարը խոստացել է մինչև հանդիպումը հրթիռային փորձարկումներ չանցկացնել: Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի նախագահների անդրանիկ և, անկասկած, պատմական հանդիպումը, ենթադրաբար, տեղի կունենա առաջիկա վեց-ութ շաբաթների ընթացքում:

Կոնկրետ ժամկետն ու վայրը դեռ հայտնի չեն և այժմ համաձայնեցվում են երկու երկրների և միջնորդի դերում հանդես եկող Հարավային Կորեայի պատկան ծառայությունների կողմից: Համենայն դեպս, Փհենյանում և Վաշինգտոնում ասել են, որ բանակցությունները տեղի կունենան մինչև մայիս:

Թրամփն անցած շաբաթ օրը Փենսիլվանիայում իր աջակիցների հետ հանդիպման ընթացքում մեծ ոգևորությամբ է խոսել հնարավոր հանդիպման մասին:

«Շատ մարդիկ մտածում էին, որ պատերազմ կլինի, մեկ էլ հանկարծ հյուսիսկորեացիներն առաջարկում են բանակցել, խոստանում են նոր հրթիռներ չարձակել և ասում, թե պատրաստ են ապամիջուկայնացման: Նման բան ոչ ոք չէր մտածել, չէր սպասում: Ո՞վ գիտի, թե ինչ կլինի: Գուցե ես արագ կավարտեմ հանդիպումը, գուցե երկար կնստեմ և կապահովեմ աշխարհի համար, բոլոր երկրների, այդ թվում Հյուսիսային Կորեայի համար մեծագույն գործարք, հույսս այն է, որ հենց դա տեղի կունենա»,- ասել է Թրամփը:

Հարավային Կորեայի ազգային անվտանգության վարչության ղեկավար Չուն Յու Յոնգը՝ Թրամփի հետ Վաշինգթոնում հանդիպելուց հետո, վերադարձել է հայրենիք, որտեղ ասել է, որ Սեուլում հույսեր են կապում Հյուսիսային Կորեայի և Ամերիկայի նախագահների հնարավոր բանակցությունների հետ:

«Մենք բարձր ենք գնահատում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման նպատակն իրականացնելու հարցում Հարավային Կորեայի նախագահ Մունի Ջե Իի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դրսևորած վճռականությունը և ողջունում ենք բանակցություններ սկսելու՝ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ունի խիզախ որոշումը»,- ասել է Չուն Յու Յոնգը:

Նրա փոխանցմամբ, Փհենյանը և Սեուլը հիմա աշխատում են նախ ապրիլին ներկորեական, ապա հյուսիսկորեական-ամերիկյան հանդիպումներ կազմակերպելու վրա:

Մարտի 10-ին Թրամփը Թվիթերում գրել է, որ Չինաստանը ողջունում է Փհենյանի և Վաշինգթոնի հարաբերությունները բարելավելու մտադրությունը: Թրամփն ասել է, որ Ճապոնիայում էլ խանդավառվել են հնարավոր հանդիպման մասին լուրից:

«Նրանք (ճապոնացիները) շատ գոհ են իմ ծրագրից: Դե, անկեղծ ասենք, ինձնից բացի էլ ո՞վ դա կարող էր անել, ինքներդ մտածեք՝ հյուսիսկորեացիներն այլևս հրթիռներ չեն արձակի, ես հավատում եմ դրան, ես կարծում եմ, որ նրանք իսկապես ուզում են մի բան անել, խաղաղություն կնքել, դրա ժամանակն է, ես կարծում եմ, մենք իսկապես մեր հզորությունը ցուցաբերեցինք, և դա կարևոր էր, չէ՞», - դիմելով աջակիցներին, ասել ԱՄՆ-ի ղեկավարը:

Հարավկորեական բարձրաստիճան անանուն դիվանագետն ասել է, որ Փհենյանը ցանկանում է ոչ միայն խաղաղություն ապահովել, այլև դիվանագիտական կապեր հաստատել Միացյալ Նահանգների հետ:

Ավելին, Կիմ Չեն Ունը հարավկորեացիների միջոցով Թրամփին փոխանցել է, որ պատրաստ է Փհենյանում տեղ տրամադրել ամերիկյան դեսպանատան համար: Այդ տվյալները հաստատել է նաև Հարավային Կորեայում լույս տեսնող Donga Ilbo պարբերականը:

Ո՞րտեղ կարող են հանդիպել Կիմ Չեն Ունը և Դոնալդ Թրամփը: ԱՄՆ-ի նախագահի մամլո քարտուղարի տեղակալ Ռաջ Շահի փոխանցմամբ, Սպիտակ տունը պատրաստ է քննարկել բոլոր տարբերակները, չբացառելով նույնիսկ Թրամփի՝ Փհենյան մեկնելու հնարավորությունը: - «Չեմ կարծում, որ դա շատ հավանական է, բայց չեմ էլ բացառում», - ասել է Շահը:

Եվ, այնուամենայնիվ, Սպիտակ տունը հայտնում է, որ ողջունելով իրավիճակը բարելավելու Կիմ Չեն Ոնի մտադրությունը՝ ԱՄՆ-ը ղեկավարը Փհենյանից ակնկալում է գործնական քայլեր, որոնց բացակայության դեպքում առավելագույն ճնշում բանեցնելու և պատժամիջոցները շարունակելու քաղաքականությունը չի ընդհատվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG