Մատչելիության հղումներ

Կիսելյովը սոցիալական ցանցում Պուտինի մասին ֆիլմ է հրապարակել


Դմիտրի Կիսելյովն ու Վլադիմիր Պուտինը Ղրիմում, արխիվ
Դմիտրի Կիսելյովն ու Վլադիմիր Պուտինը Ղրիմում, արխիվ

Ռուսաստանի նախագահի ընտրություններին մնացել է վեց օր։

Հիմնական թեկնածուն, որի հաղթանակը կասկած չի հարուցում, գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, հեռուստաբանավեճերից հրաժարվել է: Փոխարենը գրեթե ամեն օր դաշնային հեռուստաընկերությունների եթերում, սոցիալական ցանցերում հայտնվում են նոր հարցազրույցներ նրա հետ, նոր ֆիլմեր նրա մասին:

Երեկ Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկը՝ Դմիտրի Կիսելյովը, հետևելով մեկ այլ քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի օրինակին, Ռուսաստանի նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի մասին ծավալուն ֆիլմ է տեղադրել սոցիալական ցանցերից մեկում։

Ֆիլմում Պուտինը լրագրողի հարցին ի պատասխան, մասնավորապես, ասում է՝ երբեք, և ոչ մի պարագայում Ղրիմն Ուկրաինա չի վերադառնա։

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր հաստատել է ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, որ առաջիկայում Պուտինն այցելելու է Ղրիմ:

Մինչդեռ Կիևում, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ համատեղ ասուլիսում, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին այսօր հայտարարել է, որ Եվրամիությունը չի ճանաչում Ղրիմի անեքսիան, ուստի չի ճանաչելու նաև Ղրիմում անցկացվելիք նախագահական ընտրությունները:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) երեկ հրապարակել է թեկնածուների վարկանիշների վերջին տվյալները, որոնց համաձայն, Պուտինն ունի մոտ 70 տոկոս, կոմունիստների թեկնածու Պավել Գրուդինինը՝ մոտ 7.8 տոկոս ձայն։ Գրեթե նույն տոկոսն ունի Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Լիբերալ դաշտը ներկայացնող Քսենիա Սոբչակն ունի 2 տոկոս, «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին՝ մոտ 1 տոկոս ձայն։

Քսենիա Սոբչակը երեկ հայտարարել է, որ ВЦИОМ-ի ներկայացրած տվյալները կեղծ են, և ինքն ունի մոտ 7 տոկոսից ավելի ձայն։

Ընդ որում, ո՛չ Սոբչակը, ո՛չ էլ որևէ այլ թեկնածու չեն կասկածում, որ ընտրություններում հաղթելու որևէ շանս իրենք չունեն, և հաղթողն արդեն հայտնի է:

Այդուամենայնիվ, Սոբչակն այսօր ամենաակտիվն է հեռուստաբանավեճերում: «Նովայա գազետան» գրում է, որ մարտի 15-ին Քսենիա Սոբչակը կհայտարարի, որ ընտրություններից հետո ինքը մնալու է քաղաքական դաշտում և ստեղծելու է նոր կուսակցություն:

Տեղին է հիշեցնել, որ ընտրություններին Սոբչակի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունը, որի առաջնորդը Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար, Բորիս Ելցինին թիմի անդամ Անդրեյ Նիչաևն է:

Ռուսաստանյան լիբերալ ընդդիմությունը մեծամասամբ համոզված է, որ Սոբչակը Կրեմլի «նոր նախագիծն է», որը նպատակ ունի երկրում ստեղծել Կրեմլի կողմից կառավարվող նոր լիբերալ կուսակցություն:

Կրեմլի քարոզիչները չեն քննադատում Սոբչակին․ նրանց թիրախը կոմունիստների թեկնածու Պավել Գրուդինինն է, որի վարկանիշը աճում է հատկապես մեծ քաղաքներում:

Հիշեցնենք՝ ընտրություններն այս կիրակի են՝ մարտի 18-ին, նախագահի թեկնածուներն 8-ն են։

Փորձագետների համոզմամբ, Պուտինը հաղթելու է առաջին փուլում։

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ում Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դատվածության պատճառով չի գրանցել որպես նախագահի թեկնածու, ընտրությունները բոյկոտելու կոչ է անում և նախատեսում է մարտի 18-ից սկսել բողոքի ակցիաներ։

XS
SM
MD
LG