Մատչելիության հղումներ

Հայաստան - ԱՄՆ հարաբերությունները «ռեստարտի» կարիք ունեն. Աշոտյան


Այս օրերին ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ամերիկացի պաշտոնյաների հետ։

Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, Հայաստան - ԱՄՆ հարաբերությունները, բացի ավանդական բարեկամական, գործընկերային բնույթից, նաև «ռեստարտի», վերսկսման կարիք ունեն հատկապես խորհրդարանական ձևաչափով, քանի որ երկար ժամանակ է փոխայցելություններ չէին եղել։

«Մինչև անցյալ տարի ԱՄՆ կոնգրեսականների ներկայանալի խմբի այցելությունը Հայաստան և այս տարվա մեր այցը, միգուցե նաև աշխարհագրական և գուցե նաև այլ խնդիրների պատճառով մի պահ, եթե չասեմ սառեցված էին, ապա լրացուցիչ էներգիայի կարիք ունեին և այդ էներգիան հաղորդում ենք նաև նման այցելությամբ», - ընդգծեց Աշոտյանը։

Նրա խոսքով, հանդիպումների մակարդակը բավականին բարձր է՝ կոնգրեսականներ հայ-ամերիկյան բարեկամական խմբից, ինչպես նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ։

«Եղել են կարևոր հանդիպումներ ԱՄՆ պետդեպարտամենտում, այսօր կշարունակվի շարքը նաև Ազգային անվտանգության խորհրդի շրջանակներում։ Հանդիպել ենք նաև փորձագիտական հանրույթին՝ մասնավորապես «Կարնեգի» հիմնադրամի փոխտնօրենին, և քննարկել մեր տարածաշրջանին վերաբերող խնդիրներ», - նշեց Աշոտյանը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ն աշխարհում քաղաքական օրակարգ թելադրող գերտերություն է և շատ կարևոր է, որ Հայաստանի մասին այստեղ ձևավորված կարծիքը լինի ադեկվատ և իրենք առաջին շուրթերից տեղեկացված լինեն Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին։

«Նման այցելություններից հետո կարևոր է պահել տեմպը, պահել տոնուսը, կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները: Վստահ եմ, որ և՛ բարեկամական խումբը, և՛ ամբողջ խորհրդարանը հայ-ամերիկյան հարաբերությունները կպահի օրակարգի գերակայությունների շարքում», -եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG