Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատը «վաղուց վերածվել է լճացած, նեխած մի կառույցի»  


Փաստաբան Վահե Գրիգորյան

Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ այսօր Երեւանում անցկացված համաժողովի ժամանակ մի շարք փաստաբանները եվրոպացի գործընկերներին ներկայացրել են արդեն տևական ժամանակ իրենց հուզող հարցը՝ Փաստաբանների պալատի, իրենց բնոշորմամբ, իշխանահաճո գործունեությունը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) բազմաթիվ գործեր ներկայացրած փաստաբան Վահե Գրիգորյանը, խոսելով 35 փաստաբանների անունից, կոշտ գնահատականներ հնչեցրեց։ Հիշեցրեց փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթների մասին, որոնք, ըստ նրա, պարզ չէ, թե ինչ սկզբունքով են իրականացվում: Ասաց, որ Փաստաբանների պալատի խորհուրդը պրոֆեսիոնալ չի գործում, երբ հարցը հասնում է հիմնականում քաղաքական հնչեղություն ունեցող դատավարություններում ընդգրկված փաստաբաններին։

«Չկա բացարձակապես որևէ կանխատեսելիություն, թե Փաստաբանների պալատի նախագահը կամ նույն գործառույթներն իրականացնող նրա տեղակալն ինչ չափորոշիչների սահմաններում է կողմնորոշվում՝ հարուցե՞լ վարույթ, թե՞ ոչ», - ասաց Գրիգորյանը: - «Փաստաբանների պալատի խորհրդի նիստերը իրականցվում են երկաթուղային կայարանի սկզբունքով՝ մարդիկ գալիս են, , լսում են ապացույցներ, չեն լսում, գնում են իրենց ընտանեկան գործերով, հանգիստ ժամանակին հետ են վերադառնում, բայց բոլորը մտնում են խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այնպիսի տպավորություն է, որ որոշումն արդեն իսկ կայացված է, այդ ամենը ընդամենը ձևականություն է»:

Հիշեցնեմ, հատկապես Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերի», ընդդիմադիր առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների փաստաբանները տևական ժամանակ է դատավորների կողմից ենթարկվում են սանկցիաների՝ առանց դատավորի թույլտվության նիստերի դահլիճը լքելու, դատական կարգադրիչների կողմից զննությունից կամ, իրենց իսկ բնորոշմամբ, խուզարկությունից հրաժարվելու պատճառով։

Վահե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Արա Զոհրաբյանի ղեկավարած կառույցը «ստվերային համագործակցություն ունի հատուկ ծառայությունների և իշխանության հետ», և որ «վաղուց արդեն դարձել է իշխանության գործիքը»․ - «Փաստաբանների պալատը դարձել է քաղաքական իշխանությունների ձեռքին բութ գործիք փաստաբանության անկախության դեմ։ Փաստաբանների պալատը մեծ հաշվով վաղուց վերածվել է արդեն փաստաբանության մինիստրության: Պալատ որպես այդպիսին գոյություն չունի այնտեղ»:

Վահե Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանի նման երկրներում, որտեղ ընդդիմություն գրեթե չկա, իշխանության կողմից թիրախավորվում են փաստաբաններն ու լրագրողները։ Հայտնի փաստաբանը պնդեց՝ գործընկերի նկատմամբ ուղղորդված այս քաղաքականությունը գալիս է հենց իշխանության կողմից և իրականացվում պալատի միջոցով․ - «Խոսքը վերաբերում է այն փաստաբաններին, որոնք քաղաքական զգայում գործերով իրենց վրա զգում են պալատի կողմից պատասխանատվության ենթարկելու ռեպրեսիվ գրեթե ողջ ռեսուրսը: Կարող է կողքից մեկ-երկու փաստաբան նույնպես կարգապահական սանկցիաների էդ հոսքագծից ազդվում են, բայց խոսքը վերաբերում է գերակշռաբար հենց այդ անձանց: Նրանց նկատմամբ ուղղորված քաղաքականությունը քաղաքական իշխանության կողմից է գալիս: Կազմակերպությունը վաղուց վերածվել է լճացած, նեխած մի կառույցի, որը մեծ հաշվով, այս պահի դրությամբ փաստաբանության թիվ մեկ խնդիրն է»:

Գրիգորյանը կարծում է, որ Արա Զոհրաբյանի կողմից ստեղծված մենաշնորհը պետք է վերացվի։ Այն փաստաբաններն, ովքեր չեն ուզում մնալ պալատում, պետք է հեռանալու հնարավորություն ունենան․ - «Եթե 35 հոգին որոշում են, որ իրենց պաշտպանական պատկերացումները հարաբերականորեն իրար համապատասխանում են, և իրենք կարող են մեկ փաստաբանական կազմակերպության մեջ լինել՝ սրանից դուրս, նրանք պիտի ազատորեն գնան: Պիտի մրցակցություն լինի»:

Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը, մինչդեռ, չհամաձայնելով իրեն ու իր թիմին քննադատողների գնահատականներին, միջոցառման ժամանակ ներկայացրեց իր տեսակետը։ Ասաց, որ դատավորների կողմից սանկցիայի մասին որոշումից հետո իրենք պարտավոր են կարգապահական վարույթ հարուցել, հետո արդեն ոչ թե ինքն է որոշում կայացնում, այլ խորհուրդը․ - «Խորհուրդն է որոշում՝ փաստաբանը կարգապահական պատասխանատվության պե՞տք է ենթարկվի, թե՞ ոչ: Եվ պալատի նախագահն էլ այդ խորհրդի նիստերին չի մասնակցում»:

Բնական համարելով պալատի 35 անդամ փաստաբանների հակառակ տեսակետ ունենալը՝ Արա Զոհրաբյանն ասաց, թե այդ հակասությունները հիմնականում գալիս են պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի պատճառով։ Նաև նշեց, որ Վահե Գրիգորյանի կողմից կարգապահական վարույթների վիճակագրությունը ճիշտ չներկայացվեց։

Զոհրաբյանը ներկայացրեց իր թվերը․ - «Այդ զգայուն քրեական գործերով պարոն Գրիգորյանը սխալմամբ նշեց, որ մեկ գործ է եղել կարճման: Պետք է նշեմ, որ ընդհանուր այս 7 ամիսների ընթացքում կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 24 փաստաբան այդ քրեական գործերի առնչությամբ, և կարգապահական վարույթները կարճվել են 26 փաստաբանի նկատմամբ: Իհարկե, երկու խմբերում կարող են կրկնվել նույն անձինք»:

Արա Զոհրաբյանը անդրադարձավ նաև փաստաբանների կողմից դատարանի դահլիճը լքելուց հետո նրանց սանկցիայի ենթարկելու դեպքերին։ Հայտարարեց, որ օրենքը փաստաբանին արգելում է լքել նիստերի դահլիճը, երբ դատավորը դա թույլ չի տալիս։

Հիշեցնեմ՝ հնչեղ դատավարությունների ժամանակ ամբաստանյալները, որ պարբերաբար ի նշան բողոքի լքում են նիստերի դահլիճը, նույնը պահանջում են նաև իրենց փաստաբաններից։ Վերջիններս, վկայակոչելով պաշտպանյալների հետ ունեցած պայմանավորվածությունը, իրենք ևս լքում են նիստերի դահլիճը, ինչից հետո ենթարկվում սանկցիաների և Փաստաբանների պալատի կողմից պատասխանատվության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG