Մատչելիության հղումներ

Ընտրություններին ընդառաջ՝ Ադրբեջանի ընդդիմադիրները ահազանգում են ճնշումների մասին


Ադրբեջանի նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ երկրի ընդդիմության ներկայացուցիչները ահազանգում են ճնշումների մասին:

Վաղը Բաքվում նախատեսված ընդդիմության հանրահավաքի նախաշեմին «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչները հրավիրվում են ոստիկանություն՝ հարցաքննության։

Ընդդիմադիր ուժի աշխատակազմի ղեկավար Գյուլաղա Ասլանլին լրատվամիջոցների հետ զրույցում փոխանցել է, որ ոստիկանությունում իր հետ խոսել են սպառնալիքների լեզվով։ ֊ «Ինձ ասել են, որ գիտեն կուսակցության ֆինանսավորման աղբյուրը։ Ես ասացի՝ եթե գիտեք, ապա փաստեր ներկայացրեք», - Ասլանլիի խոսքերն է մեջբերում «Մեյդան TV»֊ն։

Ընդդիմադիր գործչի պնդմամբ՝ վերջին օրերին ոստիկանություն են կանչվել կուսակցության ավելի քան երկու տասնյակ առաջնորդներ, ովքեր ժամեր շարունակ պահվել են ոստիկանական բաժանմունքներում։ Մուսավաթականներին, մասնավորապես, նախատել են ցույցերին մասնակցելու կոչերի համար և սպառնացել «քրեական պատասխանատվության ենթարկել գողության, խուլիգանության կամ քրեական հեղինակություններին գումար փոխանցելու համար», նաև պատմել է Ասլանլին։

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի համատեղ հանրահավաքը, որը նախատեսված է վաղը՝ Բաքվի «Մեսխուլ» մարզադաշտում, անցկացվելու է «Ոչ միապետությանը», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Բողոքում ենք գնաճի դեմ» կարգախոսների ներքո։

Հանրահավաքի կազմակերպիչը՝ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններին միավորող Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը, ինչպես նաև մի խումբ այլ ազդեցիկ ընդդիմադիրներ ավելի վաղ հայտարարել են, թե հրաժարվում են նախագահության թեկնածուներ առաջադրել և պատրաստվում են բոյկոտել վաղաժամ ընտրությունները, պնդելով, թե ապրիլի 11֊ին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու Ալիևի որոշումը «լեգիտիմիության տեսանկյունից կասկածելի և չհիմնավորված է»։ Այս մասին, մասնավորապես, հայտարարել է ընդդիմադիր «ՌեԱլ» շարժումը, որի առաջնորդն ազատազրկվել է 2013 թվականին՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններից ամիսներ առաջ, երբ հայտարարել էր, թե պատրաստվում է մրցապայքարի մեջ մտնել նախագահ Իլհամ Ալիևի հետ:

14 տարի առաջ հորից իշխանությունը ժառանգած Ալիևը, սակայն, ինչպես վստահեցնում են նրա օգնականներն ու կուսակիցները, մրցակիցների պակաս չի ունենա։

Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար մինչ այս պահը գրանցվել են երեք թեկնածուներ՝ Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցների բնորոշմամբ՝ ազդեցիկ գործիչներ, իսկ իրականում իշխանական փոքրաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ Սոցիալ֊դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն, «Միասնական ժողճակատ» կուսակցության ղեկավար Ղուդրաթ Հասանղուլիևը և ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը:

Ընտրությունները թափանցիկ ու մրցակցային դարձնելու՝ պաշտոնական Բաքվի խոստումների ֆոնին, նախընտրական քարոզարշավից ընդամենը շաբաթներ առաջ, եթեր է վերադառնում ադրբեջանական իշխանությունների քարոզչական ամենահայտնի խոսափողը համարվող ANS հեռուստաընկերությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջով 2016 թվականին հեռարձակման իրավունքից զրկված հեռուստաընկերությունը վերաբացվում է նոր՝ Real TV անվամբ: Տարիներ շարունակ Իլհամ Ալիևի վարչակազմին մեծարելու և դրա ընդդիմախոսներին պախարակելու գործը անթերի կատարած այդ լրատվամիջոցը, ինչպես հաղորդվում է, ունենալու է լրատվական ուղղվածություն, ամբողջովին ֆինանսավորվելու է Ադրբեջանի կառավարության կողմից, որն էլ որոշելու է լրատվամիջոցի քաղաքականությունը:

Թե ով է լրատվամիջոցի իսկական սեփականատերը՝ չի հաղորդվում։ Ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան պարզել է, որ հեռուստաընկերությունը գրանցված է մի հասցեում, որտեղ գրանցված են մի քանի այլ ընկերություններ, որոնք պատկանում են ոմն Յաշար Ղուրբանովի, ով հանդիսանում է «էքսպրես» բանկի նախագահների խորհրդի անգամ, իսկ «էքսպրես» բանկն իր հերթին պատկանում է Ադրբեջանի նախագահական ընտանիքին։

Հիշեցնենք՝ շուրջ մեկ ամսից նախատեսված Ադրբեջանի նախագահական ընտրությունները կլինեն առաջինը սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Ալևին թույլ տվեցին կնոջը՝ Մեհրիբան Ալիևային իր առաջին տեղակալ նշանակվել, արդեն չորրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում, իսկ հաղթելու դեպքում էլ պաշտոնավարել յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։ Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է նաև թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, ուստի՝ 56-ամյա Իլհամ Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել և իշխել այնքան, որքան կցանկանա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG