Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը համաձայնել է հանդիպել Կիմ Չեն Ունին


Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի նախագահներ Կիմ Չեն Ունը և Դոնալդ Թրամփը:
Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի նախագահներ Կիմ Չեն Ունը և Դոնալդ Թրամփը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հանդիպել Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ունին և քննարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը:

Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի նախագահի խոսնակ Կիմ Յու Կյոմը․ - «Կիմ Չեն Ունի առաջարկն ընդունելու Դոնալդ Թրամփի որոշումն ամբողջ աշխարհի հավանությունն է ստանում, Հյուսիսային և Հարավային Կորեայի ժողովուրդը խաղաղության հույս ունի»,- ասել է նախագահ Մուն Ջե Իի խոսնակը:

«Մենք հավատում ենք, որ Հյուսիսային և Հարավային Կորեայի գագաթնաժողովից հետո նախատեսված հյուսիսկորեական-ամերիկյան հանդիպումը կնպաստի Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը, դա պատմական նշանակություն կունենա թերակղզում խաղաղություն հաստատելու համար»,- ասել է խոսնակը Կապույտ տանը (Հարավային Կորեայում նախագահի նստավայրն ավանդաբար անվանում են «Կապույտ տուն»):

Մինչդեռ օվկիանոսից այն կողմ՝ Սպիտակ տանը, Հարավային Կորեայի ազգային անվտանգության վարչության տնօրեն Չուն Յու Յոնգը, ով օրերս Փհենյանում հարցը քննարկել է Կիմ Չեն Ունի հետ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է քննարկումների արդյունքները, Հարավայի Կորեայի ղեկավարության տեսակետը և բանակցություններ սկսելու Հյուսիսային Կորեայի նախագահի առաջարկը:

Նրա փոխանցմամբ, Կիմ Չեն Ունը հավաստիացրել է, որ Հյուսիսը հրթիռային և միջուկային նոր փորձարկումներ չի իրականացնի:

Հարավային Կորեայի անվտանգության վարչության ղեկավարի փոխանցմամբ, Կիմ Չեն Ունը Թրամփի հետ հնարավորինս արագ հանդիպելու ցանկություն է հայտնել․ - «Նախագահ Թրամփը շնորհակալություն է հայտնել այդ զեկույցի համար և ասել է, որ պատրաստ է մինչև մայիս հանդիպել Կիմ Չեն Ունին՝ թերակղզում մշտական ապամիջուկայնացման համաձայնություն ձեռք բերելու համար»:

Չուն Յու Յոնգի փոխանցմամբ, Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները լավատեսորեն են տրամադրված և հավատում են, որ դիվանագիտական գործընթացը խաղաղ կարգավորում կապահովի:

Գերտերություններ Ռուսաստանը և Չինաստանը ողջունել են հյուսիսկորեական-ամերիկյան հանդիպման հնարավորությունը:

«Մենք դա համարում ենք կարևոր քայլ ճիշտ ուղղությամբ: Այսօր ենք տեղեկացել համաձայնության մասին: Դա անհրաժեշտ է իրավիճակը Կորեական թերակղզու շուրջ կարգավորելու համար», - ասել է Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը:

Դրական արձագանք է հնչեցրել նաև Պեկինը:

«Չինաստանն ամբողջությամբ աջակցում է Հյուսիսային և Հարավային Կորեայի նախաձեռնությանը, հաջորդ կարևոր քայլը կլինի համատեղ ջանքերով վերադառնալ բանակցություններին և լուծել Կորեական թերակղզու միջուկային խնդիրը», - ասել է Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին:

Զգուշավոր լավատեսություն են դրսևորել նաև Տոկիոյում:

«Ես ողջունում եմ Հյուսիսային Կորեայի դիրքորոշման փոփոխությունը: Այն հնարավոր է դարձել Հարավային Կորեայի և միջազգային համայնքի հետ Ճապոնիայի և Միացյալ Նահանգների համագործակցության, Հյուսիսային Կորեայի վրա գործադրվող հետևողական ճնշման շնորհիվ»,- ասել է Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG