Մատչելիության հղումներ

ՌԴ նախագահական ընտրությունների կապակցությամբ Գյումրիում ձևավորվել է չորս ընտրատեղամաս


Գյումրիում ՌԴ հյուպատոս Ալեքսանդր Կոպնին
Գյումրիում ՌԴ հյուպատոս Ալեքսանդր Կոպնին

Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին քվեարկելու հնարավորություն կունենան Գյումրիում և Երևանում գտնվող ընտրատեղամասում։

Ռուսաստանի Դաշնության հյուպատոս Ալեքսանդր Կոպնինի փոխանցմամբ՝ Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան, գործելու է չորս ընտրատեղամաս․ - «Ինչ վերաբերում է ընտրություններին, Լոռու ու Շիրակի հյուպատոսական օկրուգին, այստեղ մեզ մոտ կա 4 ընտրական տեղամաս, 3-ը՝ ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում, իսկ մեկը՝ գլխավոր հյուպատոսարանում: Կարող են գալ ՌԴ բոլոր քաղաքացիները առանց բացառության: Կարող են գալ հենց ընտրությունների օրը՝ առանց լրացուցիչ հաշվառման, ում ինչպես հարմար է: Եթե որևէ մեկը ցանկանում է նախօրոք գալ, որպեսզի իրեն ընդգրկեն ընտրողների ցուցակներում, կարող է գալ: Եթե օբյեկտիվ պատճառներով որևէ մեկը չի կարող գալ նախապես, կարող է հենց ընտրության օրը գալ: Տեղամասային ընտրական հանձնաժողովը ստեղծված է, այն աշխատում է»։

Թե քանի ընտրող է հաշվառված Գյումրիի չորս ընտրատեղամասերում, հյուպատոսը չկարողացավ պատասխանել:

Նշեմ, որ միայն 102-րդ ռազմաբազայում 3-4 հազար զինծառայող կա, իսկ դրան կից զինվորական թաղամասում սպայական անձնակազմի ընտանիքներն են բնակվում:

Ի դեպ, Վրաստանում ապրող ռուսաստանցիները ստիպված կլինեն քվեարկելու համար Հայաստան գալ, քանի որ Մոսկվան ու Թբիլիսին 2008-ից ի վեր դիվանագիտական հարաբերություններ չունեն։

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Վասիլի Լիխաչովը հայտնել է, որ 102-րդ ռազմաբազայի տարածքում հատուկ Վրաստանում բնակվող ՌԴ քաղաքացիների համար տեղամաս է գործելու։

Սա առաջին համապետական ընտրությունները չեն, որ Վրաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները Գյումրի են հասնում ընտրություններին մասնակցելու համար:

Ալեքսանդր Կոպնինն ասաց, որ իրենք բացառություններ չեն անում ՌԴ քաղաքացիների համար․ - «Մեզ մոտ կարող են գալ Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներն առանց բացառության՝ անկախ նրանց բնակության վայրից և մշտական հաշվառումից: Մենք տարբերություն չենք դնում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների միջև։ Մենք հրավիրում ենք բոլորին»:

Կոպնինը ասաց, որ ընտրությունից 2 օր առաջ հյուպատոսարանին կից հերթապահություն կանցկացնեն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները, որպեսզի ընտրողների խնդիրները տեղում օպերատիվ լուծվեն՝ եթե այդպիսիք կառաջանան:

Անդրադառնալով քվեարկության օրվան՝ դիվանագետն ասաց․ - «Հյուպատոսարանի տարածքից դուրս կարգուկանոնի ապահովումը դրված է հյուրընկալող պետության իշխանությունների վրա: Մենք կփորձենք ամեն ինչ անել, որ մեր ընտրողների համար ստեղծվեն բոլոր հարմարություները»:

Նախագահի ընտրությունները Ռուսաստանում տեղի կունենան մարտի 18-ին, առաջադրված թեկնածուներն ութն են: Հիմնական ֆավորիտը համարվում է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG