Մատչելիության հղումներ

«Հանուն Հայաստան պետության» ճակատը վաղվանից հանրահավաքների շարք կմեկնարկի


«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյան

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հղած կոչից հետո ստեղծված «Հանուն Հայաստան պետության» ճակատը վաղվանից մեկնարկում է հանրահավաքների շարք, իրենց ձևակերպմամբ՝ «ընդդեմ ռեժիմի հավերժացման, հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության»:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք ձևավորել են վերկուսակցական շարժում, որը ներառում է նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և վաղվա հանրահավաքը լինելու է այդ ճակատի առաջին հրապարակային մեծ հայտը:

«Գլխավոր նպատակը երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելն է և Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելը։ Հռչակագիրը կա Ճակատի, որը վաղուց ընդունվել է, որոշակի ծրագրային քննարկումներ ևս եղել են։ Մենք՝ այդտեղ հավաքված անձինք, կարծում ենք, որ մեր քաղաքացիներին մենք պետք է նաև առաջարկ՝ այլընտրանք ներկայացնենք։ Լավ, ասենք՝ Սերժ Սարգսյանը վարչապետ չի, իշխանափոխություն իրականացրեցինք, բա դրանից հետո ի՞նչ ենք անելու։ Հենց այդ կարևորագույն խնդրի շուրջ է, որ քննարկումներ ենք ունեցել և որոշակի նախնական պատկերացումներ կան և համաձայնություններ կան», ֊ «Ազատության» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահը։

Մարտիրոսյանի պնդմամբ՝ իրենք ձևավորված կառույցի քննարկումներին հրավիրել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու խնդիր ունեն միավորել հանրության ընդդիմադիր թևը:

«Մենք գտնում ենք, որ պայքարի ձևը քաղաքացիների խաղաղ անհնազանդությունն է և քաղաքացիների կամքը իշխանություններին թելադրելն է, ուստիև որևէ խնդիր չեմ տեսնում, որ այս հարթակը ունենալով՝ քաղաքական գործիչները միավորվեն և փորձեն համատեղ պայքարել, որովհետև ակնհայտ է մի հանգամանք՝ եթե Սերժ Սարգսյանը վերարտադրվում է և իշխանությունն է վերարտադրվում և նորից շարունակում է այս համակարգով կառավարվելը, նշանակում է՝ մինչև 2022 թվական որևէ փոփոխություն չի լինի», ֊ մեկնաբանեց նա։

Շուրջ 5 ամիս առաջ ձևավորված քաղաքական ճակատի ներկայացուցիչներից «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն «Ազատությանն» ասաց, որ իրենք պատրաստվում են մինչև ապրիլի 17-ը, երբ քննարկվի վարչապետի ընտրության հարցը, հանրային ճնշմամբ կանխել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանության հնարավոր վերարտադրությունը: Սա, սակայն ըստ Մակեյանի՝ իրենց միակ խնդիրը չէ: ֊ «Ոչ թե ասում ենք՝ Սերժ Սարգսյանը չլինի, Կարեն Կարապետյանը մնա, այլ մենք ասում ենք՝ ժողովուրդը պետք է ձևավորի իր վստահությունը վայելող կառավարություն և պարտադրի այդ կառավարության կազմը հաստատելու իր վարչապետով: Ոչ թե, ասենք՝ Սերժ Սարգսյանը չէ, այլ իր երկրորդ կամ երրորդ հպատակը լինի»:

Մակեյանն ընդգծեց, որ իրենց ճակատում փորձելու են ներգրավել քաղաքական ու հասարակական գործունեությամբ զբաղվող հնարավոր բոլոր ուժերին և ներկա կազմն էլ միայն «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներից չէ կազմված: ֊ «Ալեք Ենիգոմշյան, Թամարա Հովհաննիսյան, Արմեն Մարտիրոսյան, Կարապետ Ռուբինյան, Ալբերտ Բաղդասարյան, Արմենակ Կյուրեղյան, Եղիշե Պետրոսյան, Վոլոդյա Ավետիսյան», ֊ թվարկեց նա:

Մակեյանի փոխանցմամբ՝ վաղը Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու համար արդեն հրավիրել են «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանին ու «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Այդուհանդերձ, «Ազատության» հետ զրույցում Փոստանջյանն ասաց, որ իրենք որևէ առաջարկ չեն ստացել և հետևաբար չեն քննարկել մասնակցության հարցը: ֊ «Որևիցե մեկը, եթե ցանկանում է, որ քաղաքական ուժը միանա, ապա պետք է դիմի պատշաճ կարգով: Ո՛չ պաշտոնապես են դիմել, ո՛չ էլ անձնապես», ֊ նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարը:

Խորհրդարանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարել էր, որ ներկա պահին Հայաստանի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության կանխումն է, այսօր «Ազատության» հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել՝ արդյո՞ք ինքն անձամբ կամ «Ելք» դաշինքի հետ կմիանա վաղը մեկնարկելիք հանրահավաքներին:

«Հանուն Հայաստան պետության» ճակատը ձևավորվել է հինգ ամիս առաջ, այն բանից հետո, երբ զինված խմբեր ձևավորելու մեղադրանքով շուրջ երկու տարի կալանքի տակ գտնվող քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանը կոչ արեց մի խումբ քաղաքական ու հասարակական գործիչների ստեղծել իշխանություններին դիմադրության ճակատ:

Բացի վաղը Երևանում կայանալիք հանրահավաքից՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատը, համագործակցելով սփյուռքում գործող «Հայկական Վերածնունդ» կազմակերպության հետ, նախատեսում է հանրահավաքներ իրականացնել նաև աշխարհի մի շարք քաղաքներում՝ Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում ու Փարիզում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG