Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այնքան մոտ չեն եղել, ինչպես այժմ. Մոգերինի


Հայաստանն ու Եվրոպական Միությունը երբեք այնքան մոտ չեն եղել, ինչպես այժմ։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ այս օրերին Երևանում անցկացվող «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի» մասնակիցներին հղած իր տեսաուղերձում։

Մոգերինին ուրախությամբ արձանագրել է, որ այս անգամ խորհրդաժողովն անցկացվում է Եվրոպայի այս հատվածում՝ Հայաստանում։

Ընդգծելով, որ նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի հետ Եվրամիությունը երեք հիմնարար համաձայնագիր է կնքել, Մոգերինին հույս է հայտնել, որ դրանք կբարելավեն մարդկանց կյանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական Միությունում։

«Ստորագրեցինք նաև այլ համաձայնագրեր, որոնք կոչված են բարելավելու Հայաստանի և ԵՄ-ի կապակցվածությունն օդային և ցամաքային ճանապարհներով։ Խնդրել ենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին օգնել մեզ իրենց խորհուրդներով և առաջարկություններով, որպեսզի այս համաձայնագրերն իսկապես հաջողված լինեն», - նշել է Մոգերինին։

Հիշեցնենք՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG