Մատչելիության հղումներ

Նավալնիի սկանդալային բացահայտման հերոսն այս անգամ Լեոնիդ Սլուցկին է


Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնիի սկանդալային բացահայտումների հերոսն այս անգամ ԼԴՊՌ կուսակցության պատգամավոր, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին է, ում մի խումբ լրագրողներ մեղադրում են ոտնձգությունների մեջ։

Իրեն ընդդիմադիր հռչակած ԼԴՊՌ կուսակցության պատգամավորը, ով, ի դեպ, օրենսդրական գործունեությամբ է զբաղվում 1999 թվականից, ըստ Ալեքսեյ Նավալնիի նոր հետաքննության, որը հրապարակվել է նախօրեին, բացի ոտնձգություններից, նաև մի շարք այլ լրջագույն խախտումներ է թույլ տվել։

Ընդդիմադիր գործիչը պնդում է, որ Սլուցկին՝ լինելով պատգամավոր, Ռուբլյովկայում վարձակալել է հսկայական տարածք, որը չի հայտարարագրել, ինչը պահանջում է ռուսաստանյան օրենքը։

Նա մասնավորապես թաքցրել է իր շքեղ առանձնատան դիմաց գտնվող մեկ հեկտար անտառը, որը վարձակալել է տասը տարի առաջ՝ 47 տարի ժամկետով։

Նավալնին պարզել է նաև, որ ռուսաստանցի պատգամավորը երեք թանկարժեք մեքենաներ ունի՝ Բենթլի և Մերսեդես մակնիշների, որոնք գնելու համար, ըստ Նավալնիի հաշվարկների, Սլուցկին պետք է ո՛չ ուտեր, ո՛չ խմեր և կոպեկ անգամ չծախսեր սկսած 2012 թվականից։

Ըստ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարի, հայտնի չէ, թե ի՞նչ միջոցներով է նման ճոխ հարստություն կուտակել Սլուցկին, ով զբաղվում է բացառապես օրենսդրական գործունեությամբ։

Ընդ որում, ինչպես նշվում է հետաքննությունում, պատգամավորին պատկանող այդ շքեղ մեքենաներից մեկը մշտապես հայտնվում է ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում աննախադեպ իրավախախտումների համար։

Նավալնին պատմում է , որ ժողովրդի կողմից ընտրված Սլուցկիի մեքենաներից մեկն անցյալ ամռանից մինչ օրս ավելի քան 8 հարյուր անգամ խախտել է ճանապարհային կանոնները՝ տուգանվելով 1 միլիոն 404 հազար ռուբլու չափով։

Ըստ ընդդիմադիր գործչի, միայն խախտումների համար պատգամավորը պետք է տարեկան վճարի աշխատավարձի շուրջ 40 տոկոսը։

Ալեքսեյ Նավալնին, ով հայտնի է ռուսաստանյան իշխող վերնախավի ներկայացուցիչների ապօրինի ունեցվածքի, կոռուպցիոն մութ գործարքների մասին աղմկահարույց բացահայտումներով, պնդում է, որ Սլուցկիի մասին հետաքննությունը բավարար հիմք է նրա հրաժարականի համար։

Ինքը՝ Պետդումայի ազդեցիկ պատգամավորներից համարվող Սլուցկին, դեռևս չի արձագանքել Նավալնիի այս մեղադրանքներին։

Մինչ այդ պատգամավորի հրաժարականն են պահանջել նրան սեռական ոտնձգությունների մեջ մեղադրող երեք կին լրագրողները՝ RTVI հեռուստաընկերության խմբագրի տեղակալ Եկատերինա Կոտրիկաձեն, «Դոժդ» հեռուստակայանի պրոդյուսեր Դարյա Ժուկը և BBC -ի լրագրող Ֆարիդա Ռուստամովան, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ ու ակտիվիստներ, ովքեր պնդում են, որ Սլուցկին չպետք է զբաղվի օրենսդրական գործունեությամբ։

Պատգամավորը, թեև ներողություն է հայցել, սակայն միևնույն ժամանակ հերքել է մեղադրանքները և սպառնացել զրպարտության հոդվածով դատական գործեր հարուցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG