Հարյուրավոր կանայք Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երթով նշել են Կանանց միջազգային օրը և իշխանությունից պահանջել են ձեռնարկել անհապաղ միջոցներ կանանց ձայնը լսելի դարձնելու, կանանց կրթության իրավունքը երաշխավորելու և նրանց բռնությունից պաշտպանելու համար:
Աֆղանստանի մարդու իրավունքների անկախ հանձնաժողովի նախագահ Սիմա Սամարն ուղերձով դիմել է երկրի անվտանգության մարմիններում ծառայող կանանց:
«Ձեր անվտանգությունն Աֆղանստանի բոլոր կանանց անվտանգության հարց է»,- ասել է Սամարը, կոչ անելով զեկուցել կին զինծառայողների իրավունքները վերադասի կողմից ոտնահարելու յուրաքանչյուր հնարավոր միջադեպի մասին:
Իրավապաշտպան կազմակերպությունների փոխանցմամբ, Աֆղանստանում կանանց իրավունքների ապահովման հարցում անցած տասնամյակում արձանագրվել է որոշակի բարելավում հատկապես խոշոր ավաններում, սակայն հեռավոր գյուղական վայրերում առկա է բացահայտ գենդերային անհավասարություն և բռնություն կանանց նկատմամբ:
Իրավապաշտպան միջազգային կառույցները, այդ թվում՝ Human Rights Watch-ը և Միջազգային կրոնական ազատությունների ամերիկյան հանձնաժողովը, մտահոգություն են հայտնել այդ իրավիճակի վերաբերյալ: