Մատչելիության հղումներ

Լագարդը խոսել է համաշխարհային առևտրային պատերազմի վտանգի մասին


Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդ, Ջակարտա, 27-ը փետրվարի, 2018թ.
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդ, Ջակարտա, 27-ը փետրվարի, 2018թ.

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը մեկնաբանել է պողպատի և ալյումինի ներմուծման նկատմամբ սակագներ սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, զգուշացնելով, որ այդօրինակ միջամտությունները վնաս են հասցնում մոլորակի տնտեսությանը և կարող են հանգեցնել առևտրային պատերազմի:

«Եթե միջազգային առևտուրը կասկածի տակ հայտնվի նման միջոցների արդյունքում, ապա դա կզսպի զարգացումը, կհանգեցնի առևտրային այնպիսի կատաղի պատերազմի, որը սարսափելի հետևանքներ կունենա», - ասել է Լագարդը:

Նրա խոսքերով, սակագների վերաբերյալ մեկ կողմի որոշմանն անխուսափելիորեն կհաջորդեն պատասխան որոշումներ, և ոչ ոք դրանից չի շահի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե պողպատի և ալյումինի նկատմամբ 25 և 10 տոկոսի սակագներ են սահմանվում ամերիկյան տնտեսությունը պաշտպանելու համար: Երեկ նա պնդել է, թե համոզված է, որ ամերիկյան կողմի որոշումը միջազգային տնտեսության համար բացասական ազդեցություն չի ունենա:

Ըստ տնտեսագետների, Թրամփի որոշումը կարող է ազդեցություն ունենալ Չինաստանի, Ռուսաստանի, Եվրամիության և Ճապոնիայի տնտեսության համար և այդ, ինչպես նաև այլ երկրներին կստիպի ընդունել պատասխան քայլեր:

«Մեզ շատ է մտահոգում այդ սպառնալիքը, մենք հորդորում ենք բոլորին բանակցել, խորհրդակցել, հասնել համաձայնության», - ֆրանսիական ռադիոյին տված հարցազրույցում ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG