Մատչելիության հղումներ

Լիոնի քաղաքապետ․ Լինել բարեկամ նշանակում է խնդիրների մասին բաց խոսել


Ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ Երևանի ավագանիում կիրառված բռնության պատճառով ֆրանսիական Լիոն քաղաքը չի դադարեցնի գործընկերությունը Հայաստանի մայրաքաղաքի հետ:

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանն «Ազատության» հարցին ի պատասխան այսօր ասաց, որ իրենք ևս ստացել են բողոք-նամակ մի խումբ հայաստանցիներից, որոնք կոչ են անում դադարեցնել «Երևանի բռնարար քաղաքապետարանի հետ համագործակցությունը»․ - «Եղբայրացած քաղաքների որդեգրած քաղաքականության մեջ մի կարևոր սկզբունք կա՝ չխառնվել մյուսի ներքին գործերին: Որքան ինձ է հայտնի, քրեական գործ է հարուցվել այդ դեպքի առթիվ և հետաքննություն է ընթանում: Բայց եթե իսկապես շատ հրեշավոր ու արտասովոր մի բան տեղի ունեցած լիներ, ապա Երևանի քաղաքապետի հետ իմ հանդիպման ժամանակ չէր կարող այդ հարցը անմասն թողնվել»:

Շուրջ մեկ ամիս առաջ Երևանի ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել «Երկիր Ծիրանի» և Հանրապետական խմբակցությունների անդամների միջև: Պատճառը Նուբարաշեն վարչական շրջանից բերված կոյուղաջուրն էր, որը «Երկիր Ծիրանի»-ի անդամները փորձել էին մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Դրանից օրեր անց 5 տասնյակից ավելի կազմակերպություններ ու քաղաքացիներ բաց նամակով դիմել էին Երևանի քույր քաղաքներին՝ կոչ անելով կասեցնել «Երևանի բռնարար քաղաքապետարանի հետ համագործակցությունը» և ներկայացրել Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած հրապարակային բռնությունը:

Ֆրանսիայի մեծությամբ երրորդ քաղաքի՝ Լիոնի քաղաքապետի պաշտոնում վերջերս ընտրված հայազգի Ժորժ Կեպենեկյանն անպատասխան թողեց «Ազատության» հարցը, թե արդյոք հնարավոր է նմանատիպ միջադեպ իր գլխավորած ավագանիում․ - «Ամենավատը հանրայնացումն ու այդ դեպքի շուրջ գովազդային դրսևորումներն էին: Սա ասում եմ, քանի որ լինել բարեկամ նշանակում է խնդիրների մասին իրար դեմ դիմաց խոսել, ոչ թե ինչ-որ շրջաբերական նամակ շրջանառության մեջ դնել»:

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիոնի քաղաքապետը երկու օր առաջ ստորագրեց Երևանի հետ համագործակցության հուշագիր:

Ժորժ Կեպենեկյանը Տարոն Մարգարյանի կողմից նաև պարգևատրեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Լիոնի նորանշանակ քաղաքապետը հանդիպել է նաև Հայաստանի նախագահին, վարչապետին ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների: Ֆրանսահայ քաղաքապետն ընդգծեց, որ վերջին շրջանում Երևանում տեղի ունեցած փոփոխություններն իրեն դուր են գալիս․ - «Իմ այս այցելությամբ ես տեսա շատ գեղեցկացած ու թարմացած Երևան քաղաք, միակ բանը, որ չհավանեցի՝ խցանումներն էին, սակայն խցանումներ կան նաև Լիոնում»:

Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած հանդիպմանը Լիոնի քաղաքապետը նաև ընդգծեց, որ Երևանում կանաչ գոտիների ավելացման նպատակով իրենց կողմից տարիներ առաջ իրականացվել է Լիոնի այգու կառուցումը:

XS
SM
MD
LG