Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտին․ - «Մեր ինչի՞ն է պետք աշխարհն առանց Ռուսաստանի»


Կրեմլյան պրոպագանդայի կարկառուն ներկայացուցիչ Վլադիմիր Սոլովյովը նոր ֆիլմ է նկարահանել նախագահ Վլադիմիր Պուտինի մասին:

Ֆիլմը հիմնված է Ռուսաստանի նախագահի հետ ծավալուն հարցազրույցի վրա:

Ֆիլմի սկզբում Սոլովյովն ասում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպասում էր Սադդամ Հուսեյնի և Կադաֆֆիի ճակատագիրը, բայց Պուտինը «միջամտել է»:

«Աշխարհակարգ 2018» ֆիլմը համացանցում հայտնվել է այսօր, երբ ՌԴ նախագահի ընտրություններին մնացել է ընդամենը 11 օր: Ակնհայտ է, որ ֆիլմը նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վարկանիշը բարձրացնելու նպատակ է հետապնդում:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյանի կենտրոնի՝ այսօր հրապարակած տվյալների համաձայն, փետրվարին արձանագրվել է Պուտինի վարկանիշի կտրուկ անկում Ռուսաստանի ամենախոշոր քաղաքներում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում (մոտ 57 տոկոս):

Սոլովյովի ֆիլմում Պուտինը խոսում է բացառապես արտաքին քաղաքականությունից: Ասում է, որ իր թիմում տարբեր կարծիքներ են լինում, ինքը լսում է բոլորը և որոշում կայացնում: Սակայն Ղրիմի հարցում «թիմը միակարծիք էր»:

Պուտինը պնդում է, որ Դոնբասում չկա ռուսական զորք, սակայն կա մեծ քանակի սպառազինություն: Պուտինը նաև հայտարարել է, թե ԱՄՆ-ը «կոպիտ ու անպատկառ ձևով խաբել է Ռուսաստանին»․ - «Նույն օրը Վաշինգտոնից ինձ զանգահարել ու խնդրել էին, որ Յանուկովիչը բանակը չհանի ցուցարարների դեմ, որ հանգիստ ազատվեն փողոցներն ու հրապարակները: Հաջորդ օրը Ուկրաինայում հեղաշրջում եղավ»:

Ամենից շատ ֆիլմում Ռուսաստանի նախագահը խոսում է Եվրամիության հետ երկրի հարաբերությունների մասին՝ նկատելով, թե Ռուսաստանը Եվրամիության «ամենաանկեղծ գործընկերն է», մինչդեռ «ԵՄ երկրները ինքուրույն որոշումներ չեն կարողանում կայացնել»:

Միջուկային զենքի վերաբերյալ Պուտինն ֆիլմում հայտարարում է, որ Ռուսաստանը երբեք միջուկային զենք չի կիրառել՝ ի տարբերություն Միացյալ Նահանգների, սակայն, եթե լինի Ռուսաստանը ոչնչացնելու վտանգ, Մոսկվան, իհարկե, միջուկային զենք կկիրառի՝ հասկանալով, որ դա «կարող է կործանիչ լինել ամբողջ աշխարհի համար»․ - «Իսկ մեր ինչի՞ն է պետք աշխարհն առանց Ռուսաստանի»:

Վլադիմիր Պուտինը ֆիլմում ընդգծում է, որ չի հիասթափվել Դոնալդ Թրամփից․ - «Խնդիրը Թրամփը չէ, խնդիրը համակարգն է»:

Մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի վերջին շրջանի ռազմատենչ հայտրարությունները՝ ընդդիմադիր գործիչ, Պուտինի պաշտոնավարման առաջին տարիների վարչապետ Միխայիլ Կասյանովը «Ազատության» ռուսական ծառայության եթերում ասել է, թե խնդիրն այն է, որ Պուտինը Կա-Գե-Բե-ից է․ - «Նրա կրթությունն է այդպիսին, մենթալիտետը: Նա ուզում է այսօր գործել ճիշտ այնպես, ինչպես այն տարիներին, երբ աշխատում էր Կա-Գե-Բե-ում՝ նույն միջոցներով: Բայց այսօր 21-րդ դարն է, և իրականությունը տարբերվում է սովետական տարիների իրականությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG