Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերը» կրկին պնդում են, որ հրաժարվում են հանրային պաշտպանի ծառայություններից


Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներն ու նրանց փաստաբանները շարունակում են հայտարարել, որ դատավորների կողմից նշանակված հանրային պաշտպանների ծառայություններից չեն ցանկանում օգտվել։

Տևական ժամանակ է, ինչ դատական նիստերն անցնում են և՛ամբաստանյալների փաստաբանների, և՛ հանրային պաշտպանների մասնակցությամբ։

Այս գործը քննող երեք դատավորները՝ Արտուշ Գաբրիելյանը, Մեսրոպ Մակյանն ու Արթուր Օհանյանը նման որոշում կայացրեցին այն բանից հետո, երբ ամիսներ շարունակ գործերը քննելու ընթացքում «Սասնա ծռերի» անդամները պարբերաբար լքում էին նիստերի դահլիճը եւ նույն պահանջում իրենց փաստաբաններից։

Դատավորներն այս դեպքում օգտվել են անցած փետրվարին այս հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից, որը իրավաչափ է համարում ամբաստանյալների կամքին հակառակ հանրային պաշտպան ներգրավելը։

«Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանի հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը, ով ի սկզբանե միայն Բիլյանի պաշտպանությունն էր ստանձնել, ստիպված է դատարանում պաշտպանել «Սասնա ծռերի» 22 անդամներին․ - «Մենք, իհարկե, դեմ էինք ի սկզբանե․ թե՛ Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները և թե՛ Սահմանադրությունը, մեր կարծիքով, չէին թույլատրում, որպեսզի անձի կամքին հակառակ պաշտպանը իրականացնի նրա շահերի պաշտպանությունը: Իհարկե Սահմանադրական դատարանը էնպիսի մի դիրքորոշում արտահայտեց, որը, կրկին մեր կարծիքով, չի բխում Սահմանադրությունից, որովհետև Սահմանադրությունը որևէ վերապահում չի նախատեսում անձի կողմից իր ընտրած պաշտպանի կողմից պաշտպանվելու հնարավորության հետ կապված: Բայց Սահմանադրական դատարանը, Եվրոպական դատարանի մի քանի նախադեպային որոշումները վկայակոչելով, համարեց, որ իրավաչափ է թե՛ հանրային պաշտպանի, թե՛ պայմանագրային պաշտպանի ներկայությունը քրեական գործով քննությանը»:

Ֆանյանն ասում է, որ դա լրացուցիչ խնդիրներ է ստեղծել իր համար․ - «Բնական է, որ այդ պաշտպանությունը չի կարող լինել նույնքան արդյունավետ և նույնքան բովանդակային, որքան որ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանության մարտավարությունը»:

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչու չի հրաժարվում ծառայություն մատուցել նրանց, ովքեր դա մերժում են, Ֆանյանը վկայակոչեց օրենքը․ - «Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը նախ իրավասու չէ քննարկել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը: Օրենքը նրան այդ հնարավորությունը չի տալիս: Օրենքը միայն այդ որոշումը բավարարելու հնարավորություն է տալիս, մերժելու հնարավորություն, ցավոք սրտի, չի տալիս: Ինչ վերաբերում է պաշտպանությունը ստանձնելուց հրաժարվելուն, ապա ասեմ, որ դատարանն է որոշում կայացնողը այս պահին: Եթե դատարանը համարում է, որ իրավաչափորեն հանրային պաշտպանին ներգրավում է որպես ամբաստանյալի պաշտպան, որևէ իրավաչափ եղանակով ես չեմ կարող հրաժարվել նրանց պաշտպանությունը ստանձնելուց»:

Միայնակ Գայլ մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանն ասում է, թե Սահմանադրական դատարանը ապօրինի որոշում է կայացրել՝ բավարարելով իշխանության ցանկությունը․ - «Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն մարդու իրավունքներ է խախտում, այլ նաև քաղաքական որոշում է, քանի որ մենք որևէ սպասելիք Սահմանադրական դատարանից չէինք ունենա: Ոնց որ նմանատիպ գործերով դատավորներն են քաղաքական որոշումներ կայացնում, այնպես էլ Սահմանադրական դատարանի նախագահը: Դրա արդյունքում Սահմանադրական դատարանի նախագահի համար ստեղծվեց նոր պաշտոն, և դարձավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ»:

Ղարագյոզյանը շեշտեց, որ «Սասնա ծռերի» անդամները հանրային պաշտպանների հետ հանդիպելու, գործի մարտավարությունը քննարկելու ցանկություն անգամ չունեն, իսկ նրանց ներկայությունը դատական նիստերին ձևական է․ - «Կարող է իմ դիրքորոշումը այլ է, հանրային պաշտպանի դիրքորոշումը այլ է: Իսկ էս դեպքում վարքագծի կանոններով, եթե նմանատիպ հակասություններ կան, չի կարող․․․ ասենք, մեղադրյալը ում որ ընտրում է, ինքը պետք է լինի: Էստեղ ընդհանրապես կազուսային վիճակ է ստեղծվել: Շահերի նախ բախում կստեղծվի, և հետագայում էլ իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցները կսահմանափակվեն և կոչնչացվեն»:

Փաստաբանն անդրադառնում է Սահմանադրական դատարանի որոշմանը, որտեղ որպես նախադեպեր բերվում են Եվրոպական դատարանի որոշումները և կարևորվում է արդարադատության շահը։ Ղարագյոզյանի խոսքով՝ դրանք, սակայն, նույն այս իրավիճակի մասին չեն։

Փաստաբանի պնդմամբ՝ այս կերպ խախտվում են մեղադրյալների իրավունքները․ - «Էնտեղ գրված է, որ քաղաքացիական հայցի շրջանակներում լայնածավալ հայցվորներ են եղել և պաշտպաններ չեն ունեցել: Արդարադատության շահից ելնելով՝ հանրային պաշտպան են ներգրավել: Իսկ էստեղ փաստականն տվյալներն այլ են․ էստեղ անձինք ունեն երեք փաստաբաններ, բայց նույնպես հանրային պաշտպան են ներգրավում: Սա աբսուրդային իրավիճակ է»:

Խանդոյանի փաստաբանը կարծում է, որ այս ամենն արվում է «Սասնա ծռերի» դատավարությունն արագորեն ավարտելու համար՝ «խախտելով մեղադրյալների արդյունավետ պաշտպանության իրավունքը»։

Հիշեցնեմ, «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը
պնդելով, որ ապստամբություն են արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG