Մատչելիության հղումներ

Փհենյանում ընդունել են Սեուլի պատվիրակներին


Կիմ Չեն Ունն ընդունում է Հարավային Կորեայի պատվիրակներին, 6-ը մարտի, 2018թ.

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը երեկ ընդունել է Հարավային Կորեայի պատվիրակներին, ովքեր փոխանցել են Հյուսիսի հետ բարձր մակարդակի գագաթնաժողով անցկացնելու և հարաբերությունները բարելավելու Հարավային Կորեայի նախագահ Մու Ջե Իի առաջարկը:

Փհենյանում և Սեուլում հուսով են, որ այդ պատմական հանդիպումը թույլ կտա մեղմել երկու երկրների միջև առկա լարվածությունը:

Կիմ Չեն Ունն ասել է, թե ցանկանում է «երկու երկրների վերամիավորման պատմության նոր էջ բացել»։

«Մեր գերագույն առաջնորդը հավանություն է տվել Հարավային Կորեայի պատվիրակներին ընդունելու, մտքեր փոխանակելու և բավարարող համաձայնություն կայացնելու՝ նախագահ Մուն Ջե Իի առաջարկին: Մեր գերագույն առաջնորդը կարևոր հանձնարարականներ է տվել պատկան կառույցներին և կարգադրել է արագ քայլեր կատարել», - հայտնել է Փհենյանի պետական հեռուստատեսությունը:

Երկու կողմերն էլ «պատմական» և «աննախադեպ» են որակում Փհենյանում երեկ տեղի ունեցած հանդիպումը: Ենթադրվում է, որ սա Հյուսիսի և Հարավի բարձր մակարդակով առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ 2011 թվականին Կիմ Չեն Ունն իր հոր մահվանից հետո ստանձնել է առաջնորդի պաշտոնը:

Կիմ Չեն Ունին այժմ Հյուսիսային Կորեայում անվանում են «մեծ առաջնորդ», նրա հորը՝ Կիմ Չեն Իրին անվանել են «մեծ ղեկավար», իսկ երկրի հիմնադիր նախագահը պապն է՝ Կիմ Իր Սենը, նրան անվանել են «հանճարեղ առաջնորդ»:

Երեկվա հանդիպմանը Փհենյայի կողմից ներկա են եղել նախագահ Կիմ Չեն Ունը, նրա կինը՝ Ռի Սոլ Յուն և քույրը՝ Կիմ Ե Չենը: Սեուլի 5 հոգանոց պատվիրակության ղեկավարը Հարավային Կորեայի ազգային անվտանգության վարչության պետ Չուն Յու Յոնգն է:

«Ազգային անվտանգության վարչության ղեկավար Չուն Յու Յոնգի ղեկավարած հինգ հոգանոց պատվիրակությունը մարտի 5-ին բանակցել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ, ապա ճաշ է տրվել, բանակցությունները և ճաշը տևել են 4 ժամ 12 րոպե», - ասել է Հարավային Կորեայի նախագահի խոսնակ Կիմ Յու Կյեմը:

Երկու Կորեաների լարվածությունը որոշակիորեն թուլացել է հարավկորեականՓհենչհանում տեղի ունեցած Ձմեռային օլիմպիադայի կապակցությամբ: Փհենյանը և Սեուլը համաձայնել են միասնական թիմով մասնակցել խաղերին:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Ին ընդունել է Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պատվիրակներին, այդ թվում՝ Կիմ Չեն Ինի կրտսեր քրոջը՝ Կիմ Ե Չենին, ով նախագահին հանձնել է Փհենյան այցելելու եղբոր հրավերը:

Այս տարեսկզբից Փհենյանը բանակցելու ցանկություն է դրսևորում, ինչն վստահաբար կապված է միջազգային հանրության սահմանած չափազանց խիստ պատժամիջոցների և ամերիկացիների կոշտ դիրքորոշման հետ:

Հյուսիսային Կորեայի անմիջական հարևաններ Հարավային Կորեային և Ճապոնիային անհանգստացնում է Փհենյանի միջուկային-հրթիռային ծրագրի կատարելագործումը:

Ռազմատենչ կեցվածքը չեն ողջունում նաև Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեայի հիմնական հովանավոր համարվող Չինաստանը:

Փհենյանի հանդիպումների հիմնական նպատակն է նախապատրաստել պայմաններ երկու Կորեաների գագաթնաժողովի և Փհենյանի ու Վաշինգտոնի բանակցությունների համար:

Ամերիկացիները պնդում են, որ Փհենյանը պարտավոր է հրաժարվել միջուկային զենքից, Հյուսիսային Կորեան այդ պահանջը մերժում է:

Բանակցություններն այսօր ավարտվել են, և Հարավային Կորեայի պատվիրակությունն արդեն վերադարձել է Սեուլ: Պատվիրակության ղեկավար Չոն Յու Յոնգը և պատվիրակության անդամ, ազգային հետախուզական ծառայության ղեկավար Սու Հունը Սեուլում նախագահ Մուն Ջե Իին պետք է զեկուցեն արդյունքների մասին:

«Հյուսիսային Կորեան ներկայացրել է թերակղզու ապա միջուկայնացման վերաբերյալ իր տեսակետը՝ նշելով, որ միջուկային ծրագրի անհրաժեշտություն չի լինի այն դեպքում, եթե վերանա պատերազմի սպառնալիքը և երաշխավորվի ռեժիմի անվտանգությունը», - ասել է պատվիրակության ղեկավար, Հարավային Կորեայի ազգային անվտանգության վարչության ղեկավար Չուն Յու Յոնգը:

Բանակցությունների արդյունքը մեկնաբանել է նաև Հարավային Կորեայի ղեկավարը. - «Մենք պարտավոր ենք խոսել Հյուսիսի հետ Կորեական թերակղզու ապա միջուկայնացման հարցի շուրջ, միաժամանակ մենք պետք է կենտրոնանանք Հյուսիսի միջուկային և հրթիռային սպառնալիքներին արագ և արդյունավետ հակազդելու մեր ջանքերի վրա», - ասել է նախագահ Մու Ջե Ին:

Ենթադրվում է, որ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում բանակցություններ վարած հարավկորեական պատվիրակությունն առաջիկայում կմեկնի Միացյալ Նահանգներ՝ քննարկելու Վաշինգտոնի և Փհենյանի բանագնացների հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG