Մատչելիության հղումներ

Այսօրվա դատական նիստին ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը, տեսնելով տասնյակ ոստիկանների, ովքեր տուժող են ճանաչվել ավելի քան մեկուկես տարի ազատազրման մեջ գտնվող իր ամուսնու գործով, ասաց․ - «Անդրիասը փաստորեն Տորք Անգեղն էր»:

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: Մասնավորապես, այն բանի համար, որ 2016 թվականի հուլիսի 29-ին կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ Ոստիկանության Էրեբունու գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին», զինվել և խմբի անդամների հետ շարունակել պահել պատանդներին։

Նկատենք, որ գործով տուժող է ճանաչվել 56 հոգի, որոնցից 50֊ը, ըստ պաշպանական կողմի, ոստիկաններ են:

Այսօր, սակայն, այդպես էլ տուժողներին հարցաքննելուն հերթը չհասավ: Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը հերթական անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Վարդան Գրիգորյանին՝ պնդելով, որ նա հաշվեհարդար է իրականացնում իր պաշտպանյալի նկատմամբ:

Փաստաբանը հիշեցրեց նախորդ նիստը, երբ դատարանը չթույլատրեց Անդրիաս Ղուկասյանի գործով վկայություն տալ ընդդիմադիր գործիչ Եղիշե Պետրոսյանին, թեև նախապես հայտարարել էր այդ մասին:

Դատախազի պահանջով դատավորը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստերին վկաների փոխարեն հարցաքննել տուժող ճանաչած ոստիկաններին։

«Կան կասկածներ ենթադրելու, որ դուք համագործակցում եք դատախազի հետ», - միանալով փաստաբանի միջնոդրությանը՝ իր խոսքում նշեց Անդրիաս Ղուկասյանը:

Նա շեշտեց, որ դատական համակարգում բարեփոխումներ են արվում, Բարձրագույն դատական խորհուրդ է ստեղծվում, որը պետք է անկախ ու ազատ գործի, և հարց բարձրացրեց․ - «Ազդո՞ւմ է դա դատարանի անկախության վրա․․․ Դատարանի անկախության երաշխիքներից մեկը դատախազությունից անկախ գործելն է: Դուք Ձեր որոշումով քաղաքական իմաստով այս հարցը կբացահայտեք մեզ բոլորիս համար»:

Դատախազ Պետրոս Պետորսյանը առարկեց միջնորդությունը՝ պնդելով․ - «Պաշպանության կողմից ներկայացրած ենթադրությունները որևէ օբյեկտիվ հիմք չունեն»:

Ավելի քան երկու ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո դատավոր Գրիգորյանը մերժեց իր նկատմամբ ինքնաբացարկի միջնորդությունը:

Պաշտպանական կողմը նաև միջնոդեց ազատ արձակել Անդիաս Ղուկասյանին՝ 1․5 միլիոն դրամի կամ դատարանի կողմից ողջամիտ համարվող այլ չափի գումարի գրավի դիմաց:

Որպես հիմք նշվում էին գործում առկա նոր զարգացումները: Փաստաբան Մեջլումյանի խոսքով՝ 51 վկաներից 17-ը հարցաքննվել են, մեղադրական կողմը հրաժարվել է մյուսների հարցաքննությունից: Մնում են պաշտպանական կողմի վկաները և մոտ 50 տուժող ոստիկանները․ - «Ի՞նչ պետք է գնա [Ղուկասյանը] ոստիկաններին, տուժողների ասի՝ ուրի՞շ ցուցմունքներ տվեք, քան նախաքննության ընթացքում եք տվել»:

Դատախազ Պետրոսյանին այս բացատրությունը համոզիչ չթվաց: Նա առարկեց՝ հաշվի առնելով այս գործով սպասվող պատժի խստությունը, «ենթադրաբար կատարված հանցագործության հանրորեն վտանգավորության բարձր աստիճանը»:

Դատարանը գնաց խորհդրակցական սենյակ, և միայն հաջորդ շաբաթ հայտնի կդառնա՝ կբավարարի՞, թե՞ կմերժի գրավի դիմաց Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը:

XS
SM
MD
LG