Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն է այն անձը, որը ի վիճակի է տանել «այդ ծանր բեռը»


Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ եթե քաղաքական ուժերը, Սերժ Սարգսյանից բացի, հնչեցնեն վարչապետի թեկնածուի այլ անուն, իրենք պատրաստ են քննարկել։

«Բայց չեն հնչեցնում», - ասում է Բաղդասարյանը՝ շարունակելով, թե Հայաստանը պատերազմող երկիր է, կա անվտանգության խնդիր, կիսատ մնացած ղարաբաղյան բանակցություններ։

Հանրապետական գործչի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանն է այն անձը, որը ի վիճակի է տանել «այդ ծանր բեռը»:

«Դա իմ անձնական կարծիքն է», - հավելեց Բաղդասարյանը:

Մամուլը, պաշտոնական տվյալների հղում անելով, գրում է, որ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանից հեռացել է ավելի քան 370 հազար մարդ:

Արտագաղթի այդ տեմպը, Բաղդասարյանի խոսքով, Հանրապետականին հետ չեն պահի՝ եթե որոշեն վարչապետի պաշտոնում առաջադրել կուսակցության ղեկավարի թեկնածությունը․ - «Ով էլ որ լիներ, այս գործընթացը պետք է շարունակվեր: Եվ այս պարագայում մենք շատ դրական ենք գնահատում թե՛ մեր անվտանգության խնդիրների հարցը և թե՛ մեր տնտեսական բարելավումները: Ինչ ունեցել ենք մենք այս շրջափակման, կոմունիկացիաների, ճանապարհ չունենալու պայմաններում, և նաև մեր կատարած քայլերը՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը․․․»

Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը՝ արդեն որպես վարչապետ, անընդունելի է «Ելք» դաշինքի համար: Ընդդիմադիրներն այդ սցենարը տապալելու համար ճանապարհային քարտեզ են մշակում՝ հնարավոր համարելով նաև փողոցային պայքարը։ «Ելք»-ից չեն բացառում, որ իրենց որոշումը կհրապարակեն այս շաբաթ:

Հանրապետական Բաղդասարյանը կասկածում է, թե «Ելք»-ի պահանջով մեծ թվով մարդիկ դուրս կգան փողոց։ Նա ընդդիմադիրներին խորհուրդ ունի՝ փողոց դուրս գալու փոխարեն օգտագործել խորհրդարանի ամբիոնը․ - «Քաղաքական ուժ, որին տրամադրված է Հանրապետության համար մեկ քաղաքական ամբիոնը․․․ ինձ թվում է, նրանք պետք է ճիշտ օգտագործեն այս ամբիոնը: Քաղաքականությունը փողոց տանելը դա որևէ մեկ անգամ արդյունք չի տվել և արդյունավետ չի եղել թե՛ երկրի զարգացման տեսանկյունից, թե՛ ընդհանրապես տվյալ քաղաքական ուժի կայացման տեսանկյունից»:

«Ելք»-ից Արարատ Միրզոյանը հակադարձեց Վահրամ Բաղդասարյանին․ - «Մենք կորոշենք ինչ ճանապարհ կընտրենք: Վահրամ Բաղդասարյանի գործը չէ»:

Մեկ այլ հանրապետականի՝ Կարեն Ավագյանի խոսքով, վարչապետի թեկնածու հարց քննարկելիս ու որոշում կայացնելիս իշխող ուժը հաշվի չի առնի Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որով հավաստիացրել էր, որ ինքը չի հավակնելու ո՛չ նախագահի, ո՛չ էլ վարչապետի պաշտոնին․ - «Բոլոր գործընթացները լինելու են օրենքի տառին, Սահմանադրության տառին համահունչ: Դա մեր կուսակցության որոշումն է լինելու՝ նախագահի գլխավորությամբ: Եվ որևէ գործողություն․․․ խոսքը Նիկոլ Փաշինյանի այդ գործողությունների մասին է: Չի կարող խանգարող հանգամանք լինել մեր որոշումներին»:

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ բացառված է, որ հանրապետականները, Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելիս, հաշվի չառնեն նրա ցանկությունները․ - «Եթե Կարեն Ավագյանը և մյուսները կարծում են, որ պիտի լինի վարչապետ Սերժ Սարգսյանը, ապա դա անպայմանորեն պայմանավորված է Սերժ Սարգսյանի ցանկությամբ»:

Չնայած հանրապետականները այս օրերին հավաստիացնում են, թե վարչապետի թեկնածության հարցով որոշում չունեն, «Ելք»-ում կարծում են, որ նրանց հայտարարությունները, նաև մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններն են հուշում, որ ՀՀԿ-ն առաջադրելու է հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Հարցին, թե փողոցային պայքարի դուրս գալու դեպքում «Ելք»-ի նպատակը ո՞րն է լինելու՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը կանխելը, թե՞ իշխանափոխությունը, Միրզոյանը պատասխանեց․ - «Իհարկե մեր վերջանական նպատակը Սերժ Սարգսյանին, չգիտեմ, Կարեն Կարապետյանով փոխարինելը չի բնավ: Ինչքան մարդ կգա և ինչքան մարդիկ կուզենան գնան առաջ և ինչքան կհաջողեն էդ պրոցեսում, էդպես էլ կլինի: Եթե մարդիկ կբավարարվեն Սերժ Սարգսյանի վարչապետ չդառնալով, և էդ պահին շարժումը կդադարի, ուրեմն կդադարի: Եթե մարդիկ որոշեն, որ ստացվեց կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը, և պետք է շարունակել, ուրեմն մարդիկ կշարունակեն»:

«Նորմալ եմ համարում այս ներքին խլրտումները, բայց որևէ ձևով մենք թույլ չենք տա, որ քաղաքական իրավիճակը քայքայելու միջոցով ինչ-որ մարդիկ իրենց նպատակներին հասնեն: Քաղաքական դաշտում ամեն ինչ պետք է գնա իր բնականոն հունով», - այս առնչությամբ ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ պարզաբանելով, թե ինչ ասել է՝ «թույլ չենք տա»․ - «Տուրք չենք տա, որպեսզի մենք այնպիսի արհեստական, արհեստածին բաներ կարողանան անել, ինչպես դուք տեսաք՝ ՊՊԾ և այլ նման տիպի դեպքերը, որ ցանկանում են մարդիկ արյան միջոցով, ուժի միջոցով ինչ-որ նպատակների հասնել: Դա պարզապես անթույլատրելի է»:

Դիտարկմանը, որ «Ելք»-ի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ իրենց հնարավոր գործողությունները լինելու են օրինականության սահմաններում, Բաղդասարյանն արձագանքեց․ - «Ես նորմալ եմ ընդունում, բայց նաև ինքը շատ խելացի արտահայտություն արեց․ եթե ասում են, որ ժողովուրդը դուրս չի գալիս, ասել է, որ մենք կարձանագրենք դա, որ ժողովուրդը չի տեսնում այդ նպատակահարմարությունը: Ինձ թվում է, որ այդպես էլ կարձանագրեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG