Մատչելիության հղումներ

Հմեյմիմ ռազմակայանում ռուսաստանյան ռազմատրանսպորտային օդանավ է կործանվել, կա 32 զոհ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հմեյմիմ ռազմակայանում, արխիվ

Սիրիայում ռուսական ռազմատրանսպորտային օդանավ է կործանվել:

Նախնական տվյալներով՝ փրկվածներ չկան,օդանավում գտնվող բոլոր 32 մարդիկ զոհվել են:

Աղետը տեղի է ունեցել Սիրիայում ռուսական Հմեյմիմ ռազմակայանի մոտ:

Մոսկվան պաշտոնապես հաստատում է ավիաաղետի լուրը՝ հայտնելով, որ Ан-26 օդանավը կործանվել է վայրէջքի ժամանակ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ, ըստ տեղից ստացված զեկույցների, օդանավի վրա հարձակում չի եղել։

«Նախնական տեղեկություններով, ավիաաղետի պատճառը կարող է լինել տեխնիկական անսարքությունը», - նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ օդանավում գտնվող 32 մարդկանցից վեցն անձնակազմի անդամներ են, 26-ը՝ ուղևորներ, նախնական տեղեկություններով բոլորը զոհվել են:

Չնայած պաշտպանության նախարարությունը նշում է, որ աղետի պատճառը հնարավոր է տեխնիկական անսարքությունը լինի, այնուամենայնիվ պաշտոնական հաղորդագրությունում նաև ասվում է, որ պաշտպանության նախարարության հանձնաժողովն ուսումնասիրելու է պատահարի բոլոր հնարավոր վարկածները:

Ռուսաստանի գլխավոր զինվորական դատախազությունը քննություն է սկսել:

Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից պարզ չէ, թե կործանված օդանավի ուղևորները զինծառայողներ են, թե՞՝ ոչ: Այս պահին նրանց անունները, կամ հնարավոր կոչումներն, աստիճանները դեռևս չեն հրապարակվել:

Ан-26 ռազմատրանսպորտային օդանավը նախատեսված է զորքեր և ռազմական տեխնիկա տեղափոխելու համար: Օդանավի առավելագույն տարողությունը 24 տոննա է:

Ռուսաստանը Սիրիայում արդեն յոթ տարի շարունակվող ռազմական հակամարտությունում ներգրավվել է 2015 թվականի սեպտեմբերից։

Մոսկվան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին, որի օգնությամբ Ասադը հաջողություններ է արձանագրել ապստամբների և ընդդիմադիր զինված ջոկատների դեմ պայքարում:

Այս ընթացքում ևս մեկ ավիաաղետ է տեղի ունեցել: 2016-ի դեկտեմբերին Սիրիա ուղևորվելու ճանապարհին Սև ծովում կործանվեց Ռուսատանի բանակի երգչախումբն ու երաժիշտները, այդ աղետի հետևանքով 92 մարդ զոհվեց:

Ռուսական օդուժը Սիրիայում նաև մարտական կորուստներ է ունեցել. այս տարվա փետրվարին ապստամբները ռուսական ռազմական օդանավ են խփել: Իսկ 2015-ի նոյեմբերին թուրքական օդուժը Թուրքիա-Սիրիա սահմանին ռուսական ռմբակոծիչ էր խփել, որի հետևանքով Անկարա-Մոսկվա հարաբերությունները խիստ լարվել էին, սակայն միջադեպից ավելի քան մեկուկես տարի անց ռուս-թուրքական հարաբերություններն արագորեն սկսեցին բարելավել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG