Մատչելիության հղումներ

«600 տոննա խնձորը չենք կարողանում արտահանել Ռուսաստան». օհանավանցիները փակել էին Երևան-Վանաձոր ճանապարհը


Ասում են՝ արդեն 15 օր է, ինչ Ռուսաստանն արգելել է Լարսից հայկական մեքենաների մուտքն իր տարածք։

Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչներն այսօր փակել էին Երևան-Վանաձոր ճանապարհը: Նրանք բողոքում են՝ 600 տոննա խնձորը չեն կարողանում արտահանել Ռուսաստան, քանի որ 15 օր է, ինչ Ռուսաստանը թույլ չի տալիս հայկական մեքենաների մուտքն իր տարածք:

Օհանավանցիներն ասում են՝ անցակետում պահանջել են արտադրանքի ծագման պիտակ, որի վրա պետք է նշված լիներ տվյալ արտադրանքի սեփականատիրոջ և երկրի անունը:

Պիտակի պարտադիր առկայության մասին գյուղացիները նախապես տեղյակ չեն եղել: «էտիկետկա է կոչվում, որտեղ նշվում է սեփականտերը և թե որ օրն է դուրս եկել Հայաստանից: Դրա առկայությունը չի եղել բեռնատարների մեջ ու դա են պատճառ բերել, և 23 ֆուռ կանգնած են հիմա, մասամբ էլ հետ են եկել Հայաստան», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը:

Զրուցակիցներից մեկն էլ հավելեց. - «Գոնե թողնեն ինչքան մեքենա կա անցնի, մարդիկ ծախսեր են արել, տարել են էդքան»:

Ցուցարարները նշում են՝ եթե բերքը հետ բերվի Հայաստան, ապա դա այլևս պիտանի չի լինի օգտագործման։

Օհանավանի 82-ամյա բնակիչ Վլադիմիր Գեղամյանը, որի 8 տոննա բերքն այս պահին գտնվում է անցակետում, դժգոհում է կառավարության անուշադրությունից:

«Հիմա իմ ապրանքը մնում է օդի մեջ, ասում են՝ պարսկական է, թուրքական է: Նախագահն է պայմանագիր կապել, թող տեր կանգնի, որ մեր առևտուրը դառնա ազատ», - ասաց Գեղամյանը:

Եթե կառավարությունը ոչինչ չձեռնարկի, որպեսզի բերքը անցակետից մուտք գործի Ռուսաստան, ապա գյուղացիներն ասում են, որ վաղը կրկին ճանապարհ կփակեն, այս անգամ ավելի լայնամասշտաբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG