Մատչելիության հղումներ

Կայացավ «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի երևանյան պրեմիերան


Ֆիլմի պրոդյուսերներ Դին Քեյնը (ձ) և Մոնթել Վիլյամսը Երևանում:

20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության մասին վերջին 100 տարիների ընթացքում ոչ միայն շատ է գրվել, խոսվել, այլև բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել թե՛ վավերագրական թե՛ գեղարվեստական, որոնք հայ ժողովրդին պատուհասած այդ ողբերգությունը փորձել են առավել ամբողջական և փաստական հիմքով ներկայացնել:

Անցյալ տարի այս ֆիլմերին ավելացավ ևս մեկը՝ ամերիկացիներ Դին Քեյնի և Մոնթել Վիլյամսի նկարահանած «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմը, որը հանգամանալիորեն, ականատեսների ու փորձագետների վկայություններով ներկայացնում է ոչ միայն Ցեղասպանության շարունակականությունը՝1988-ի Սումգայիթի ու Բաքվի ջարդերի ականատեսների վկայությամբ, այլև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած ողբերգությունը:

Այս ֆիլմն արդեն իսկ ցուցադրվել է ամենատարբեր երկրներում: Երեկ երեկոյան հայաստանյան պրեմիերային նախորդած ասուլիսում ֆիլմի հեղինակները հավաստիացրին, որ իրենց նպատակն է ներկայացնել ողջ ճշմարտությունը ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև 20-րդ դարում տեղի ունեցած այլ ժողովուրդների ցեղասպանությունների մասին:

Ռազմական պատմաբան Դին Քեյնը նշեց, որ Մոնթել Վիլյամսի հետ տարիներ շարունակ ճամփորդել են աշխարհի տարբեր երկրներում՝ ականատեսը դառնալով ամենասարսափելի վայրագությունունների՝ Քենիայում, Վիետնամում, Սուդանում և այլուր։

Նրանք եկել են մի հստակ եզրակացության՝ սխալ է, չպիտի թույլ տալ, պիտի ամեն կերպ կանխել ցեղասպանությունը:

Ասում էր նաև, որ շատերն աշխարում չգիտեն, տեղյակ չեն, թե ինչ ողբերգություն է տեղի ունենում այս կամ այն երկրում այս կամ այն ժողովրդի հետ, ուստի այդ մասին պետք է ասել ողջ ճշմարտությունը, որը խնամքով փորձում են թաքցնել որոշ երկրների իշխանություններն այսօր և անպատիժ շարունակում իրենց արյունոտ գործը:

Իրենք էլ են զարմացել առաջին անգամ լսելով «հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, իսկ հետո բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարել ու որոշել են ճշմարտությունը ներկայացնել ողջ աշխահին՝ տարածելով իրենց նկարահանած «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը:

«Ժխտել», - ասում Քեյնը, - «նշանակում է շարունակել ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությանը հաջորդեց Հոլոքոստը՝ «Ով է այսօր հիշում հայերի ջարդերը» հիտլերյան հանրահայտ ասույթով»:

Ֆիլմի հեղինակները հայտարարում են՝ հիշում են և հիշելու են բոլորը:

Դին Քեյնի գործընկերը՝ մասնագիտությամբ պատմաբան Մոնթել Վիլյամսը հավելեց, որ ինքն էլ որպես պատմաբան դեռ տարիներ առաջ ոչինչ չգիտեր Հայոց ցեղասպանության մասին, բայց հատկապես վերջին 5 տարիներին ֆիլմի վրա աշխատելիս այնպիսի փաստերի են հանդիպել, որոնք պարզապես անհնար են դարձնում Ցեղասպանության ժխտումը, որը մինչև այժմ ոչ միայն Թուրքիայի, այլև աշխարհի այլ երկրների քաղաքականության մաս է կազմում:

«Այսօր աշխարհում, ցավոք, կրկին շարունակվում է ցեղասպանությունը, որին մարդկությունը պիտի ոչ ասի մեկընդմիշտ», - ասաց Վիլյամսը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա իր բազմաթիվ հանդիպումների ընթացքում Թուրքիայում և Միացյալ Նահանգներում Մոնթել Վիլյամսը հասկացել է, որ մարդիկ քաջատեղյակ են Հայոց ցեղասպանությանը, պարզապես պետական մակարդակով արգելվում է այդ մասին խոսել․ - «Ֆիլմում կտեսնեք նույնիսկ թուրքերի, որոնք խոսում են Հայոց ցեղասպանության մասին, բայց կառավարությունն արգելում է ճանաչել այն»:

Նշենք, որ ֆիլմը չափազանց ազդեցիկ է, ճշմարիտ՝ ներկայացված Ցեղասպանության զոհերի ու այն վերապրածների ժառանգների, հետնորդների, պատմաբանների և փորձագետների վկայություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG