Մատչելիության հղումներ

Միայն դեղատոմսով դեղերի վաճառքի փուլային անցումը ապօրինի է․ ՀԿ ներկայացուցիչներ


Երկու հասարակական կազմակերպություններ պնդում են՝ միայն դեղատոմսով դեղերի վաճառքի փուլային անցումը ապօրինի է: Չկա իրավական որևէ հիմք դեղատներում մարդկանց առանց դեղատոմսի դեղ չվաճառելու համար: Ի դեպ՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը չի հերքել, որ իրավական ակտ չկա:

Քաղհասարակության ներկայացուցիչները պնդում են՝ նախարարն օրենք է խախտել ու չարաշահել պաշտոնեական լիազորությունները, ընդգծելով՝ սա քրեական պատասխանատվություն է նախատեսում: Պաշտոնյաների իրավախախտումները քննող Հատուկ քննչական ծառայությունը դեռ չի հայտնում արդյո՞ք ընթացք տրվել է հրապարակային այս հայտարարությունը:

Բժիշկ֊ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի ղեկավարած ՀԿ-ն այս հայտարարության հեղինակներից մեկն է: Նախարարին հարցնում է՝ որտե՞ղ է իրավական ակտը, որ օրինակ՝ մարտի 1-ից առանց դեղատոմսի չի կարելի վաճառել հորմոնային ու հոգեմետ դեղեր, հակաբիոտիկներ:

«Եթե չկա համապատասխան որոշում, համապատասխան ակտ, չկա պաշտոնական տեղեկագրում, չկա իրենց կայքում ինչի՞ հաշվին մենք ենթարկվենք, ինչի՞ հաշվին մենք անենք», ֊ հարցնում է բժիշկը: ֊ «Ես համարում եմ դա օրենքի խախտում, պահանջում եմ, որպեսզի կանոնակարգվի, բացերը վերացվեն, որ բժիշկներն էլ կարողանան հանգիստ կիրառել դա և կիրառելի լինի, պացիենտներն էլ կարողանան ենթարկվել դրան»:

Առողջապահության նախարարությունից, մինչդեռ, հակադարձում են այս օրենքով բժիշկն այլևս չի կարողանա ուղղորդել հիվանդին: Մինչդեռ հիվանդանոցներից մեկում մեզ հանդիպած հիվանդին բժիշկը երկու դեղատոմս էր տվել՝ մեկը սահմանված կարգով, մյուսն էլ հենց այնպես՝ սովորական թղթի վրա գրված: Մի խումբ բժիշկներ հենց սրա մասին էին բարձրաձայնում, որ ուղղորդումն այս կերպ կշարունակվի:

Դեղատան աշխատակիցն ասաց՝ օրենքը բավականին խոցելի կողմեր ունի, հիմնականում դա տարածվում է տարեցների վրա․ ֊ «Խրոնիկ հիվանդները գալիս են, իրենց գումարը չի բավականացնում, տարիքավոր, կենցաղային անապահով մարդիկ են լինում, որոնց գրված է՝ քանակությունը, այդ պահին իրենց գումարը չի բավականացնում, հետևաբար մարդը չի կարողանում գնել դեղորայքը: Այստեղ խոցելի հարցեր են առաջանում»:

Դեղատանն ու հիվանդանոցներից մեկի բակում մեզ հանդիպած տարեց կանայք նեղսրտեցին՝ պոլիկլինիկա գրեթե չէին գնում, որակից դժգոհ են, հիմա ստիպված են գնալ, կամ՝ հիվանդանոց կգնան ու վճարովի կոնսուլտացիայից հետո նոր կկարողանան դեղ գնել:

Դիանա Մնացականյանը 4 օր շարունակ թարախային անգինայով հիվանդ ամուսնու համար չի կարողացել դեղ գնել՝ թեև օրենքով սահմանված կարգով դիմել է բժշկական բոլոր օղակներին: Խնդիրը լուծվել է միայն առողջապահության նախարարություն միջամտությունից հետո․ ֊ «Պոլիկլինիկայում ինձ ասացին, որ շաբաթ֊կիրակի է, չունենք հերթապահ բժիշկներ, կարող ենք դիմել շտապօգնությանը: Շտապօգնությանը զանգեցի՝ հարցնելով արդյո՞ք իրավունք ունեն դեղատոմս դուրս գրելու, թե ոչ: Ինձ ասացին, որ այդ իրավունքը չունեն: Գնացի հիվանդանոց, ասացին, որ իրենք չունեն հերթապահ թերապևտ: Ասացին, որ՝ կգա երկուշաբթի և դուք կարող եք հանգիստ դիմել պոլիկլինիկայի բժշկին: Մինչ այդ ես նաև զանգում էի նախարարության թեժ գծին, որը չէր պատասխանում երկու օր շարունակ: Նախարարությունից զանգեցին պոլիկլինիկա, ի վերջո գտնվեց բարեսիրտ բժշկուհի, որն ասաց՝ ես պատրաստ եմ այցելել Ձեր հիվանդին, եթե Դուք ինձ մեքենայով ուղեկցեք Ձեր տուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG