Մատչելիության հղումներ

Իտալիան՝ քաղաքական անկայունության նախաշեմին


Սիլվիո Բերլուսկոնին ընտրատեղամասում, 4֊ը մարտի, 2018թ․

Եվրամիության անդամ և եվրագոտու մեծությամբ երրորդ տնտեսությունն ունեցող Իտալիայում կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրություններում քվեաթերթիկների նախնական հաշվարկի արդյունքներով որևէ կուսակցություն չի ստացել ձայների բացարձակ մեծամասնությունը: Ընդ որում՝ Բրյուսելի ամենամեծ մտավախությունը այլևս իրականություն է. Իտալիայում քաղաքականություն են վերադառնում աջակողմյան պոպուլիստական ուժերը:

Նախօրեին տեղի ունեցած ընտրություններում ամենաշատ քվեները ստացել է նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի առաջնորդած դաշինքը: Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող 81-ամյա Բերլուսկոնին, ով շուրջ երկու տասնամյակ ղեկավարել է Իտալիան, կրկին մեծ քաղաքականություն է վերադառնում մի քանի տարվա դադարից հետո։

Վլադիմիր Պուտինի և Մուամար Քադաֆիի մտերիմ ընկեր Բերլուսկոնին ընտրություններում կրկին հաղթում է 2011 թվականի աղմկահարույց հրաժարականից հետո, երբ ստիպված էր թողնել վարչապետի աթոռը երկրում ստեղծված աննախադեպ տնտեսական ճգնաժամի ֆոնին: Ավելին՝ 2013 թվականին ֆինանսական մեքենայությունների մեջ մեղավոր ճանաչվելուց և սենատորի պաշտոնից հեռացվելուց հետո Բերլուսկոնին քաղաքականություն է վերադարձել, չնայած դատավճռին՝ որով նրան մինչև 2019 թվականը արգելվում է պետական պաշտոններ զբաղեցնել:

Իտալիայի ամենաերկարակյաց վարչապետի անվան հետ են կապվում բազմաթիվ աղմկահարույց պատմություններ, այդ թվում՝ աշխարհահռչակ «բունգա-բունգա» սեքսուալ սկանդալը, որի գործով դատարանը Բերլուսկոնիին մեղավոր է ճանաչել անչափահաս աղջկա հետ գումարի դիմաց սեռական կապ ունենալու մեջ։

Կիրակնօրյա ընտրություններում անսպասելի արդյունք է արձանագրել Բերլուսկոնիի հիմնական մրցակիցը՝ «Հինգ աստղ» շարժումը , որը ստացել է ընտրողների մեկ երրորդի ձայները: Երգիծաբան Բեպպե Գրիլոյի կողմից 9 տարի առաջ ստեղծված քաղաքական ուժը խոստանում է արտոնություններ, դատապարտում Եվրամիության քաղաքականությունը և սպառնում փակել երկրի դռները փախստականների առջև: Քաղաքական այս ուժը, ի դեպ, այժմ գլխավորում է 31-ամյա Լուիջի դի Մայոն, ով չունի բարձրագույն կրթություն և քաղաքական գործունեությունից առաջ որևէ տեղ պաշտոնապես չի աշխատել:

Երրորդ տեղում իշխող սոցիալ֊դեմոկրատներն են՝ ստանալով ձայների 23 տոկոսը: Նախկին վարչապետ Մատեո Ռենցիի քաղաքական ուժի պարտությունը պայմանավորում են աճող գործազրկությամբ: Ընտրողները, չնայած տնտեսության դանդաղ վերականգնմանը, դժգոհ են աղքատության մակարդակից, փախստականների հոսքից: Վերջին չորս տարվա ընթացքում Իտալիա է ժամանել ավելի քան 600 հազար միգրանտ:

Իտալիայի խորհրդարանում մեծամասնություն կստանա այն կուսակցությունը կամ կոալիցիան, որը կկարողանա հավաքել քվեների ավելի քան 40 տոկոսը: Ավելի վաղ երեք առաջատար քաղաքական ուժերը բացառել են կոալիցիոն կառավարություն կազմելու հավանականությունը: Բերլուսկոնին, սակայն, նույնիսկ նրա առաջնորդած քաղաքական ուժի հաղթանակի դեպքում չի կարող մինչև 2019 թվականը զբաղեցնել վարչապետի պաշտոնը դատվածության պատճառով: Մինչ այդ նա առաջարկում է իր վաղեմի զինակից, Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի թեկնածությունը: Մեդիամագնատ, միլիարդատեր, Իտալիայի ամենաերկարակյաց քաղաքական գործիչը, ինչպես նշում է իտալական մամուլը , կլինի յուրատեսակ գորշ կարդինալ նոր կառավարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG