Մատչելիության հղումներ

«Օսկար»-ի հոբելյանական՝ 90-րդ մրցանակաբաշխությունն անցավ առանց անակնկալների


ԱՄՆ - Ռեժիսոր Բրայան Ֆոգելը՝ «Իկարուս» ֆիլմի համար շնորհված «Օսկար»-ով, Հոլիվուդ, 4-ը մարտի, 2018թ․
ԱՄՆ - Ռեժիսոր Բրայան Ֆոգելը՝ «Իկարուս» ֆիլմի համար շնորհված «Օսկար»-ով, Հոլիվուդ, 4-ը մարտի, 2018թ․

«Օսկար»-ի հոբելյանական՝ 90-րդ մրցանակաբաշխությունն անցավ առանց անակնկալների՝ ուղեկցվելով հավասարության ու կանանց իրավունքների պաշտպանության կոչերով: Պրոդյուսեր Հարվի Վայնշտայնի սեռական ոտնձգությունների շուրջ սկանդալից ամիսներ անց մրցանակակիրներն ու հոլիվուդյան աստղերը բեմ բարձրացան կինոաշխարհը բարեփոխելու ու առավել պատասխանատու լինելու կոչերով:

«Իմ կողքին՝ այստեղ, բազմաթիվ կանայք կան՝ սցենարիստներ, կինեմատոգրաֆիստներ, դիզայներներ ու կոմպոզիտորներ, և մենք պատմելու շատ բան ունենք», - հայտարարեց Ֆրենսիս ՄըքԴորմանդը, ով տարվա լավագույն դերասանուհու տիտղոսը ստացավ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմի գլխավոր դերակատարման համար:

Լավագույն ֆիլմ ճանաչվեց Գիյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆենթըզի-մելոդրաման՝ համր կնոջ և մարդ-ամֆիբիայի սիրո մասին: Մեքսիկացի դել Տորոն ևս մեկ արձանիկ էլ ստացավ՝ ճանաչվելով տարվա լավագույն ռեժիսոր:

«Ուզում եմ այս մրցանակը նվիրել բոլոր սկսնակ ռեժիսորներին. երբ փոքր էի և ապրում էի Մեքսիկայում, պաշտում էի արտասահմանյան ֆիլմերը և կարծում էի՝ երբեք չեմ կարող այս ամենին հասնել, սակայն կյանքում հնարավոր է ամեն բան», - «Օսկար»-ը ստանալիս հայտարարեց նա՝ ելույթի սկզբում հենց անդրադառնալով Նահանգների ներքաղաքական կյանքի ամենահրատապ թեմաներից մեկին՝ ներգաղթին․ - «Ես ներգաղթյալ եմ: Գվադալախարայում ծնված մեկը, որ հիմա ապրում է Լոս Անջելեսում, երկրում, որ մեր բոլորինն է: Կարծում եմ՝ մեր արվեստի հզորությունն այն է, որ կինոն ջնջում է բոլոր պատնեշները, և մենք պետք է շարունակենք վերացնել սահմանները, որքան էլ աշխարհը ստիպի խորացնել դրանք»:

Քաղաքական առումով, սակայն, ամենաաղմկահարույցը դարձավ, թերևս, տարվա լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչված «Իկարուս»-ը, որ պատմում է ռուս մարզիկների հետ կապված վերջին դոպինգային սկանդալի մասին: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել է մոսկովյան հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովը, ով, տարիներ առաջ հեռանալով հայրենիքից, աշխարհին պատմեց ռուսական սպորտում կիրառվող ապօրինի մեխանիզմների մասին:

«Մենք այս մրցանակը նրան ենք նվիրում», - դահլիճի երկարատև ծափերի տակ հայտարարեց ֆիլմի ռեժիսոր Բրայան Ֆոգելը, ընդգծելով՝ Ռոդչենկովը սեփական կյանքն է վտանգել ճշմարտությունը բացահայտելու համար․ - «Մենք այս մրցանակը նվիրում ենք Գրիգորի Ռոդչենկովին՝ մեր անվախ ազդարարին, ով այժմ ապրում է լուրջ վտանգի մեջ: Հուսով ենք՝ «Իկարուս»-ը կդառնա Ռուսաստանի մասին ահազանգ, այո, հենց Ռուսաստանի, բայց դրանից առավել, հուսով ենք՝ այն կընդգծի ճշմարտությունն ասելու կարևորությունը, որ հիմա հրատապ է ավելի քան երբևէ»:

59-ամյա Ռոդչենկովը Ռուսաստանից հեռացել է երկու տարի առաջ, հենց նրա տված վկայություններից հետո Համաշխահային հակադոպինգային գործակալությունը եզրակացրեց՝ Ռուսաստանում խթանիչների օգտագործումը հովանավորվում և կազմակերպվում է պետական մակարդակով: Այժմ հայրենիքում իրավապահները Ռոդչենկովի դեմ քրեական գործեր են հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել, Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախկին ղեկավար Լեոնիդ Տյագաչևն էլ հայտարարել էր՝ «Ռոդչենկովին անհրաժեշտ է գնդակահարել ստելու համար, ինչպես որ Ստալինը կաներ»:

Մրցանակը հանձնելուց առաջ արարողության հանդիսավարներից մեկը՝ Ջիմի Կիմմելը կատակել է՝ «գոնե այս մի դեպքում կարելի է վստահորեն ասել՝ ընտրությանը Պուտինը չի միջամտել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG