Մատչելիության հղումներ

«Հնարավոր է Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ». Շարմազանով


Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հնարավոր է համարում, որ Սերժ Սարգսյանը դառնա Հայաստանի վարչապետ։

«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվեց ՀՀԿ խոսնակից, թե հնարավո՞ր է Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։

«Հնարավոր է, բայց այդ հարցը մենք կուսակցությունում չենք քննարկել։ Ժամանակավրեպ է բոլոր քաղաքական ընդդիմադիր գործիչների հայտարարություններն ապագա վարչապետի և կառավարության վերաբերյալ, քանի որ այդ հարցը Հանրապետական կուսակցությունը կքննարկի ապրիլից հետո։ Հիմնականում ապրիլի 9-ից հետո, երբ որ գործող նախագահը վայր կդնի իր լիազորությունները, կառավարությունը հրաժարական կտա, մենք մինչև ամսի 16-ն ունենք ժամանակ և այդ ընթացքում մենք կքննարկենք», - ասաց Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը, միևնույն ժամանակ, ընդգծեց՝ Հանրապետական կուսակցությունն ապրիլի 2-ի ընտրություններին ստացել է 770 հազար քաղաքացու ձայն, և դա իրենց պարտավորեցնում է, որպեսզի ՀՀԿ-ն իր ցանկացած որոշման մեջ նախևառաջ ելնի այդ քաղաքացիների շահերից և պետության շահի գերակայությունից։

«Իսկ իմ անձնական տեսակետը հետևյալն է՝ ո՛չ Հայաստանի հանրապետական կուսակցությունում, ո՛չ առավել ևս Հայաստանի գործող ընդդիմադիր, թե իշխանական գործող ակտիվ քաղաքական գործիչների ցանկում չկա գործիչ, որն ավելի լավ կարող է իրականացնել պետության վարչապետի գործառույթը, քան Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը», - ասաց Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG