Մատչելիության հղումներ

Պայթյունից տուժած բնակիչներն առայժմ փոխհատուցում չեն ստացել


Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունից երկու շաբաթ է անցել, բայց բնակիչները որևէ փոխհատուցում չեն ստացել:

Համատիրությունը միայն փոխել է մուտքի բնակարանների փշրված պատուհանները, սակայն, բնակիչները շարունակում են վախով ապրել՝ մուտքի պատը ամեն վայրկյան հնարավոր է փուլ գա:

«Թողել են ու գնացել են: Էդ էքսպերտիզան դարձավ հարց, ո՞նց կարելի է էդ հարցն էսքան ձգձգել: Արդեն տասնհինգ օր անցել ա, բացարձակապես ոչ մի բան չի փոխվում», - ասաց բնակիչներից մեկը:

«Երեխաներն են մուտքում ապրում, վտանգավոր ա: Չեմ հասկանում ինչի՞ չեն գալիս գոնե էդ հարցը լուծեն», - հավելեց նրա հարևանուհին:

Հիշեցնենք, որ Երևանի Վրացական փողոցի 10 շենքում փետրվարի 20-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջին հարկում գտնվող բնակարաններից մեկը գրեթե ամբողջությամբ փլուզվել էր: Վնասվել էին նաև նույն հարկի մյուս բնակարանները, ինչպես նաև մոտակայքում կայանված մեկ տասնյակից ավելի մեքենաներ: Զոհեր և տուժածներ չկային:

Փոխքաղաքապետ Կամո Արեյանը դեպքի օրը «Ազատության» հարցին, թե ով է բնակիչներին փոխհատուցելու կրած վնասների համար, արձագանքել էր․ - «Հետաքննության արդյունքները, երբ կտա պատճառները, ըստ այդմ էլ օրենսդրորեն կառաջանա թե՛ պատասխանատվության, թե փոխհատուցման հարցը»:

Արեյանը նաև նշել էր, թե «կարևոր է, որ բնակիչներն անվտանգ ապրեն»:

Մինչդեռ, բնակիչները պնդում են, որ պայթյունից հետո քաղաքապետարանի ոչ մի ներկայացուցիչ չի եկել ու գնահատել շենքի վիճակը:

Բնակիչների խոսքով՝ մուտքի պատն օր-օրի ավելի է ճաքում, դրանից զատ՝ ճաքած պատի վրայով է անցնում գազի խողովակները:

75-ամյա Ֆիրդուս Ղազարյանը վախենում է տանից դուրս գալ, ստիպված է ավելի հազվադեպ այցելել բժշկին․ - «Առողջական խնդիրներս ոչ թե լավանում ա, այլ վատանում ա: Առավոտը վախով էլնում եմ, իրիկունը վախով մտնում եմ տուն»:

Ադամ Եղյանը իր միջոցներով վերանորոգել է տան դուռը, իսկ տան պատերն այլևս ի վիճակի չէ ինքնուրույն վերանորոգել: Ասում է՝ դիմել է քաղաքապետարան, սակայն արձագանք չի ստացել:

Համատիրության ներկայացուցիչ Վաղինակ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանից օգնություն չի եղել, իսկ մուտքի պատի վերանորոգումը իրենց պարտականությունների մեջ չի մտնում․ - «Էնտեղ մեծ շինարարական կազմակերպության ա պետք, որ էդ աշխատանքները կատարի»:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» փոխանցեց, որ պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ, համալիր փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել:

Իսկ Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Ազատությանն» այսօր փոխանցեցին՝ տվյալ շենքի պայթնունից տուժածների փոխհատուցման հետ կապված բոլոր հարցերին կպատասխանեն միայն գրավոր հարցման դեպքում:

Մինչ այդ, բնակիչները քաղաքապետարանի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս․ - «Գոնե մարդկանց մարդ տեսակը հարգեն, ու գան էս շարունակությունը, պատճառը վերացնեն, որ մի հատ ուրիշ դժբախություն էլ չլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG