Մատչելիության հղումներ

Օլգա Լիտվինենկո. «Պուտինի գիտական թեզը կեղծ է, այն իմ հայրն է գրել»


Օլգա Լիտվինենկոն հոր՝ Վլադիմիր Լիտվինենկոյի հետ, արխիվ
Օլգա Լիտվինենկոն հոր՝ Վլադիմիր Լիտվինենկոյի հետ, արխիվ

Սանկտ Պետերբուրգի ընդերքաբանության համալսարանի ռեկտոր Վլադիմիր Լիտվինենկոյի դուստրը՝ Օլգա Լիտվինենկոն «Ազատության» ռուսական ծառայության եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գիտական թեզը կեղծ է, և որ այն իր հայրն է գրել։

Օլգա Լիտվինենկոն ասել է, որ հայրը 90-ականներին գիտական թեզերի պատրաստման ապօրինի բիզնես էր կազմակերպել, Պուտինի թեզը նա գրել է անձամբ՝ 1997 թվականի ամռանը: Պուտինը, սակայն, թեզի համար ոչինչ չի վճարել, փոխարենն օգնել է, որ Լիտվինենկոն ստանա Սանկտ Պետերբուրգի ընդերքաբանության համալսարանի ռեկտորի պաշտոնը։

Դեռևս 2006-ին Վաշինգտոնի Բրուքինգս հաստատության մասնագետները Պուտինի թեզում գրագողություն էին հայտնաբերել։

1997-ին, հիշեցնենք, Պուտինը զբաղեցնում էր Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Նշենք, որ Վլադիմիր Լիտվինենկոն համարվում է ռուսաստանցի ռեկտորներից ամենահարուստը։ 2017-ին նա «Ֆորբս»-ի՝ ամենահարուստ ռուսաստանցի բիզնեսմենների ցուցակում է։ Նրա մասին պարբերաբար հրապարակումներ են հայտնվում մամուլում։

Ըստ մամուլի, Լիտվինենկոն Պուտինի հետ հարաբերությունների շնորհիվ մեծ հարստություն է ձեռք բերել։

Դուստրը նաև նշել է, որ իր հայրն ու Վլադիմիր Պուտինը համատեղ բիզնես շահեր ունեին և ունեն։

Հավելենք նաև, որ Լիտվինենկոն երկու անգամ գլխավորել է Պուտինի նախընտրական շտաբը և լուրջ խնդիրներ ունի դստեր հետ, ում վերջերս զրկել են նաև Ռուսաստանի քաղաքացիությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG