Մատչելիության հղումներ

«Երկիր Ծիրանին» համազգային ընդվզման կոչով երթ անցկացրեց Գյումրիում


«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր Գյումրիում անցկացված երթով համազգային ընդվզման մեկնարկը տվեց: «Ընդվզում» գրառմամբ մեծ պաստառով կուսակցության ներկայացուցիչներն անցան քաղաքի կենտրոնական փողոցներով՝ անընդմեջ կոչեր հնչեցնելով՝ «Գյումրի ոտքի»։

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խոսեց հենց Գյումրիի խնդիրներից, որոնք տասնամյակներ շարունակ չեն լուծվում:

«Գյումրին աղետի գոտի հասկացությունից դուրս չի եկել։ Այս ի՞նչ է մեր փողոցների վիճակը։ Այնքան գումար մենք ունեինք, որ կարող էինք այս բոլոր փողոցները հիմնահատակ վերանորոգեինք, մինդեռ այսօր փողոցները ցեխի և փոսերի մեջ են կորած։ Մեր գյումրեցիները շարունակում են մնալ անօթևան», — հայտարարեց Փոստանջյանը։

Երթի ընթացքում միացողներ չեղան, մարդիկ պարզապես լսում էին ու անցնում:

Ինչո՞ւ համազգային ընդվզման մեկնարկը հենց Գյումրիից տրվեց հարցին, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց․ - «Բազմիցս ենք ասել, որ Գյումրին մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի և միայն Երևանում չէ, որ պետք է տեղի ունենան քաղաքական իրադարձություններ։ Նաև չունենք Գյումրիին համազոր այլ քաղաք։ Այդ իսկ պատճառով Գյումրին մեզ համար շատ կարևոր է, նաև Գյումրիից պետք է սկսվեն մեր քաղաքական գործընթացները, և վերականգնումը մեր երբեմնի հզորության։ Այսօր տեսնելով, թե գյումրին ինչ վիճակի մեջ է, մենք հասկանում ենք, որ Գյումրին կարող է այդ շունչը տալ մեր համահայկական ընդվզման և մեր ազգային շարժման»։

Ինչպիսի՞ քաղաքական օրակարգով են սկսում ընդվզումը․ - «Մենք ունենք այս պահին երկու հիմնական խնդիր՝ մեր ազգի առջև երկու հիմնական խնդիրը։ Մեկը այն է, որ գործում է մի ապօրինի համակարգ, որը պետք է հիմնահատակ վերացնել և ստեղծել նոր, ժողովրդավար համակարգ։ Մյուսն այն է, որ այս ապօրինի համակարգը իր բոլոր լծակներով, այդ թվում՝ նաև բուրգի վերևում կանգնած Սերժ Սարգսյանով, ցանկանում է նորից երկարաձգել իշխանությունը այս ապօրինի։ Այս երկու գործընթացն էլ մենք պետք է թույլ չտանք»։

Վարդանանց հրապարակում հավաքված մարդկանց մի շարք հարցեր էր հետաքրքրում: Գլխավորն, իհարկե, թե արդյոք կհաջողվի ընդվզմամբ իշխանափոխություն իրականացնել, քանի որ մարդկանց մոտ հավատ չկա:

Երթն անցավ առանց որևէ միջադեպի: Գյումրիից «Երկիր Ծիրանի» կուսակցությունը համազգային ընդվզման իրենց օրակարգով Վանաձոր ուղևորվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG