Մատչելիության հղումներ

Վարչապետը նոր էլեկտրագնացքով Երևանից հասավ Գյումրի


Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի նախարարների ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործադիր տնօրենի ուղեկցությամբ էլեկտրագնացքով Երևանից հասավ Գյումրի:

Էլեկտրագնացքը առանց կանգառների Երևանից Գյումրի հասավ 2 ժամում: «Հարավկովկասյան երկաթուղին» էլեկտրագնացքը ձեռք է բերել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» ընկերությունից: Վարչապետին ուղեկցող տրանսպորտի ու կապի նախարար Վահան Մարտիրոսյանն ասում է՝ չզգացին, թե ճանապարհն ինչպես անցան:

«Առաջին անգամ չէ, որ գնացքով գալիս եմ Գյումրի, իսկ այս նոր գնացքով իհարկե շատ ավելի հաճելի, շատ ավելի հարմարավետ է: Ճանապարհը չզգացինք», - պատմեց նախարարը:

Հին էլեկտրագնացքը կանգառներով 3 ժամում է հասնում Գյումրիից Երևան: Տոմսի արժեքը 1000 դրամ է, նոր գնացքի տոմսի արժեքը 2500 դրամ է: Մեր հարցին՝ արդյոք այն թանկ չէ, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց․ - «Այլընտրանք կա՝ կա նաև հին գնացքը, որն ավելի էժան է և կանգնում է տարբեր տեղերում: Այս գնացքը էքսպրես է, ուղիղ Երևանից Գյումրի: Այլընտրանքը նաև երթուղային տաքսիներն են, տաքսիներն են: Իհարկե, ժողովուրդը ըստ հարմարավետության կարող է ընտրել»:

Նոր էլեկտրագնացքը առայժմ գործելու է միայն ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Նախարար Մարտիրոսյանը չբացառեց, որ հետագայում այն կարող է նաև ամենօրյա դառնալ․ - «Մենք աշխատում ենք նաև այն ուղղությամբ, որ երկրորդ գնացքը ձեռք բերվի, որ ոչ թե մի հատ առավոտ Երևանից գա Գյումրի և հետո Գյումրիից Երևան, այլ առավոտյան և՛ Գյումրիից շարժվի դեպի Երևան, և՛ Երևանից դեպի Գյումրի»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրի կայարանից միանգամից Շիրակի մարզպետարան ուղևորվեց, որտեղ մոտ 2 ժամ դռնփակ խորհրդակցություն անցկացրեց:

Խորհրդակցության ավարտից հետո վարչապետը կարճ ներկայացրեց, թե ինչ են քննարկել, ասելով, որ առաջիկայում կրկին կայցելի Գյումրի՝ ավելի հագեցած օրակարգով․ - «Մենք մեր հերթական մարզային հանդիպումն ենք արել։ Քննարկել ենք Շիրակի մարզի կատարված աշխատանքը 2017 թվականին, թե ինչ են ուրվագծել 2018 թվականին և պայմանավորվել ենք՝ այն բացերը և ծրագրերը, որ կան՝ նորից ամփոփեն: Ես մոտ ժամանակներս նորից լինելու եմ Գյումրիում՝ ամփոփենք»:

Գյումրիից վարչապետը ուղևորվեց Արագածոտնի մարզ, որտեղ կրկին խորհրդակցություն էր անցկացնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG