Մատչելիության հղումներ

Փոստանջյանը պահանջել է որպես մեղադրյալ ներգրավել Երևանի քաղաքապետին


Արխիվ -- «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը վեճի է բռնվել ոստիկանների հետ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից րոպեներ անց, 13-ը փետրվարի, 2018

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Քննչական կոմիտեից պահանջել է հարցաքննել և որպես մեղադրյալ ներգրավել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Ընդդիմադիր գործչի պնդմամբ՝ փետրվարի 13-ի Երևանի ավագանու նիստում հանրապետականները իրենց ծեծի են ենթարկել անձամբ քաղաքապետի հրահանգով։

«Առանց իր հրահանգի որևիցե մեկը իր ենթականերից նման ինքնիրավչություն իրենց չէին կարող թույլ տալ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Փոստանջյանը:

Հիշեցնենք, Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը վերածվեց ծեծկռտուքի, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք փորձեցին կոյուղաջրով լի տարաները մոտեցնել Տարոն Մարգարյանին։ Քաղաքապետին գարշահոտ կոյուղաջրերից պաշտպանելու համար հանրապետական ավագանիները փակեցին ճանապարհը, սկսվեց քաշքշոց, ֆիզիկական բռնություն կիրառվեց «Երկիր Ծիրանիից» Մարինա Խաչատրյանի նկատմամբ:

Այս միջադեպով անցյալ ամիս քրեական գործ արդեն հարուցվել է։ Փոստանջյանի խոսքով, առկա տեսանյութերը նույնպես փաստում են, որ ամեն ինչ սկսվել է Տարոն Մարգարյանի՝ «դեմն առեք» հրահանգից հետո․ - «Ապօրինի հրամաններ արձակողը ինքն է եղել: Նիստի օրը դահլիճ են եկել դահլիճ մարդիկ, ովքեր որ այդ հնարավորությունները չէին կարող ունենալ՝ մուտք գործելու դահլիճ: Օրինակ՝ հոգեբուժարանի աշխատակիցներին ո՞վ էր բերել նիստերի դահլիճ, ո՞վ էր մեզ հանում նիստերի դահլիճից բռնի ուժով: Այդ ամբողջը տեղի է ունեցել իր կարգադրության ներքո»:

Միջադեպի հաջորդ օրը արգելվեց ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի մեքենայի մուտքը քաղաքապետարանի բակում գտնվող ավտոկայանատեղի։ Իսկ մի քանի օր անց՝ փետրվարի 18-ին, քաղաքապետարանում խոչընդոտեցին «Ազատության» և «Ա1+»-ի լրագրողների աշխատանքը: Քաղաքապետարանի լրատվության վարչության պետը պնդել էր, թե Փոստանջյանը կարգ է խախտել և նկարահանում այլևս հնարավոր չէ իրականացնել։ Այս միջադեպին իրավական գնահատական տալու համար, դատախազությունը մոտ 10-ը օր առաջ Փոստանջյանի բողոքն ուղարկել էր Քննչական կոմիտե։

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարը երեկ առաջին անգամ բացատրության համար կանչվել է Կոմիտե: Փոստանջյանի խոսքով՝ հարցաքննության ժամանակ պնդել է, որ այդ օրը լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է, քանի որ ինքը չի կարողացել հարցազրույց տալ։

«Հրավիրել էի՝ մատնանշելու Երևան քաղաքում տեղի ունեցող խնդիրները, չարաշահումները: Դրանք պետք է բարձրաձայնեի լրատվամիջոցների առջև, մինչդեռ նրանք թույլ չտվեցին», - նշեց ընդդիմադիր գործիչը:

Փետրվարի 19-ին, երբ «Ազատության» և «Ա1+»-ի տեսախցիկները խաղաթղթեր արձանագրեցին քաղաքապետարանի սենյակներից մեկում, իսկ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե այդ սենյակում հավաքվողները մշտապես թղթախաղով են զբաղված, Տեղեկատվության վարչության պետը ոստիկանների ուղեկցությամբ լրագրողներին դուրս հանեց քաղաքապետարանից:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ միանշանակ է, որ խախտվել են լրատվամիջոցների իրավունքները, քանի որ հասարակությունը իրավունք ունի իմանալ, թե ինչ բարքեր են տիրում Երևանի քաղաքապետարանում, դա ընտրովի մարմին է և բյուջեից է ֆինանսավորվում․ - «Եթե թղթախաղով զբաղվողները իսկապես ուզում էին, որ ոչ մեկը չիմանա, պետք է դուռը փակեին կամ դռան վրա ցուցանակ կախեին, որ՝ պետական հույժ կարևոր գործով բլոտ ենք խաղում, խնդրում ենք չխանգարել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG