Մատչելիության հղումներ

Գերմանիայում ձերբակալվել է կոկաինի գործով կասկածյալ Անդրեյ Կովալչուկը


Գերմանիայում ձերբակալվել է Արգենտինայից մոտավորապես 400 կիլոգրամ կոկաինը մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան տեղափոխելու հիմնական կասկածյալ Անդրեյ Կովալչուկը:

Նրա փաստաբան Վլադիմիր Ժերեբենկովը այսօր ասել է, որ մարտի 1-ին Կովալչուկը ձերբակալվել է Բեռլինի արվարձանում: Նրա ձերբակալման լուրը Գերմանիայի ոստիկանությունը հաստատել է: Ռուսաստանը արդեն պահանջել է Կովալչուկի արտահանձնումը, այդ գործընթացը կարող է մի քանի շաբաթ տևել: Այս մասին հայտնել է Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան մամուլի խոսնակը, նշելով որ դատարանը որոշել է Կովալչուկին կալանքի տակ պահել:

Թմրանյութի խոշոր խմբաքանակի մաքսանենգության գործը Արգենտինայի ոստիկանությունը ավելի քան մեկ տարի հետաքննել է: 12 ճամպրուկներում փաթեթավորված 389 կիլոգրամ կոկաինը, որի արժեքը մոտավորապես 60 միլիոն եվրո է գնահատվում, 2016-ի դեկտեմբերին հայտնաբերվել էր Բուենես Այրեսում Ռուսաստանի դեսպանատան դպրոցի խորդանոցում: Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիցիա Բուլրիչը օրերս որոշ մանրամասներ էր ներկայացրել: Հատուկ ծառայությունները թմրանյութի փոխարեն ալյուր էին լցրել, բեռը ուղարկել Ռուսաստան և այնտեղ ձերբակալել բեռի հետևից եկած մարդկանց: Երեք մարդ ձերբակալվել է Ռուսաստանում, ևս երկուսը Արգենտինայում: Մեկ կասկածյալի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել և ինչպես պարզվեց՝ նա Անդրեյ Կովալչուկն է: Նշվում է, որ նա Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատան տեխնիկական անձնակազմի նախկին աշխատակից է, ով հիմա ապրում է Գերմանիայում:

Նրա աշխատանքի մասին լուրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հերքել է: Այսօրվա ճեպազրույցում Զախարովան ասել է, թե Կովալչուկը Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը երբեք չի աշխատել: Սակայն նորանոր բացահայտումները կասկածներ են առաջացնում, որ Ռուսաստանի նախկին պաշտոնյաներ, դեսպանատան աշխատակիցներ արդեն մի քանի տարի հնարավոր է ներգրավված են թմրանյութերի մաքսանենգության գործողություններում:

Գերմանիայում հեռարձակվող ռուսալեզու RTVD հեռուստաընկերության փետրվարի 28-ի եթերում Գերմանիայում բնակվող ռուսաստանցի գործարար Կոնստանտին Լոսկուտնիկովն ասել է, թե մի քանի տարի առաջ իրեն ծանոթացրել են Կովալչուկի հետ՝ որպես Ռուսաստանի անվտանգության ծառայության գեներալի:

Ռուսական «Կոմերսանտը» գրում է, որ Դաշնային անվտանգության ծառայությունը ուսումնասիրում է դեռ 2012 թվականից Արգենտինայից Ռուսաստան թմրանյութեր տեղափոխելու վարկածը: Բունես Այրեսում Ռուսաստանի դեսպանատան տնտեսական մասի նախկին ղեկավար Ալի Աբյանովը ցուցմունք է տվել, որ Անդրեյ Կովալչուկի խնդրանքով 2012-2015 թվականներին մի քանի անգամ նրա ճամպրուկները դիվանագիտական ուղեբեռի անվան տակ ռուսական ռազմա-տրանսպորտային օդանավերով Մոնտեվիդեոյից ուղարկել է Մոսկվա: Ուղարկած յուրաքանչյուր ճամպրուկի համար հազար դոլար է ստացել: Կովալչուկն ասել էր, թե ճամպրուկներում գինի է, սուրճ, նվերներ, իսկ իր հետ ծանոթանալու առաջին հանդիպմանը ներկայացել էր որպես Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG