Մատչելիության հղումներ

Կարլես Պուչդեմոնը հրաժարվում է կրկին ստանձնել Կատալոնիայի վարչապետի պաշտոնը


Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնից հեռացված և հոկտեմբերից Բելգիայի մայրաքաղաքում իսպանական ոստիկանությունից թաքնվող Կարլես Պուչդեմոնը հրաժարվում է կրկին ստանձնել ինքնավարության վարչապետի պաշտոնը:

Բրյուսելից ուղարկած տեսաուղերձում անջատական գործիչը հայտարարել է, որ իր այդ որոշումը միակ ելքն է Կատալոնիայում նոր կառավարություն ձևավորելու համար:

Որպես այլընտրանքային թեկնածու Կարլոս Պուչդեմոնը առաջարկել է մեկ այլ անկախական գործչի՝ իսպանական բանտում պահվող Ժորդի Սանչեսին: Պաշտոնական Մադրիդը, սակայն, դեմ է: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պնդում է, որ Կատալոնիայի նախագահը չպետք է խնդիրներ ունենա արդարադատության հետ:

Մինչ այդ էլ Ռախոյը հայտարարում էր, որ եթե Պուչդեմոնը փորձի հեռակա կարգով` Բրյուսելից ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը, ապա Մադրիդը ստիպված կլինի պահպանել Կատալոնիայի ուղղակի կառավարման ռեժիմը: Դա է թերևս պատճառը, որ Կատալոնիայի նախկին վարչապետը հրաժարվում է ավելի վաղ թիմակիցներից ստացած առաջարկից՝ երկրամասը ղեկավարել հեռվից՝ Սկայպի, Ֆեյսբուքի կամ այլ սոցիալական ցանցերի միջոցով: Հայրենիք վերադառնալու դեպքում նա կձերբակալվի:

Պուչդեմոնին և նրա զինակիցներին իսպանացի իրավապահները մեղադրում են կենտրոնական իշխանության դեմ ապստամբություն հրահրելու և բյուջետային միջոցների ոչ-նպատակային ծախսման մեջ: Այդ հոդվածը, նշենք, մինչև 30 տարվա ազատազրկում է նախատեսում։

Իսպանիայից անկախանալու՝ կատալոնացիների հանրաքվեն Մադրիդը ապօրինի գնահատեց, կիրառեց 155-րդ հոդվածը՝ սառեցնելով Կատալոնիայի օրենսդիր և գործադիր կառույցների աշխատանքը և ուղղակի կառավարում մտցրեց ինքնավար շրջանում։ Քրեական գործ է հարուցվել շուրջ երկու տասնյակ քաղաքական գործիչների նկատմամբ, նրանցից հինգը՝ այդ թվում Պուչդեմոնը, Բելգիայում են, չորսը բանտում։

Դեկտեմբերի 21-ին Կատալոնիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խիստ հիասթափեցրել են Իսպանիայի կենտրոնական իշխանություններին։ Հաղթել են կրկին անկախականները, Պուչդեմոնի գխավորած ուժը աննախադեպ հաղթանակ տարավ՝ ստանալով շուրջ 113 հազար ձայնով ավելի, քան նախորդ՝ 2015-ի խորհրդարանական ընտրություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG