Մատչելիության հղումներ

Քաղաքագետ․ Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը «ռազմահայրենասիրական հայտարարություն է»


Հայաստանյան վերլուծաբանները «Ազատության» հետ զրույցներում մեկնաբանում են հայ-թուրքական արձանագրությունների կնքման գործընթացը դադարեցնելու մասին Հայաստանի որոշումը:

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ ինչպես հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, այնպես էլ դրանց չեղարկումը դիվանագիտական մեծ հաղթանակ համարելը մանիպուլացիա է:

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարեց, թե Հայաստանը գործընթացից «շահած է դուրս եկել»։ Հայաստանի նպատակը, Շարմազանովի խոսքով, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորելն ու Եվրոպայում քաղաքական վերջին պատը քանդելն է եղել։

Հանրապետականի ներկայացուցչի խոսքով՝ բոլորը տեսան, որ նախապայմաններ դրել ու դնում է Թուրքիան:

Արմեն Բաղդասարյանն «Ազատության» ստուդիայում:
Արմեն Բաղդասարյանն «Ազատության» ստուդիայում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավումը, Արմեն Բաղդասարյանի համոզմամբ, ձախողվել է, և էական չէ՝ ում մեղքով․ - «Արձանագրությունների նախաստորագրումը գնահատվեց որպես դիվանագիտական մեծ հաղթանակ, հետո էլ չեղարկումը հայտարարվեց որպես դիվանագիտական մեծ հաղթանակ: Իրականում արտաքին քաղաքականությունը շատ պրագմատիկ է, և ցանկացած իրադարձություն գնահատվում է արդյունքներով: Փաստն այն է, որ Հայաստանը փորձեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, փորձեց կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, և դա չստացվեց: Սա է գնահատականը: Սկսվեց ինչ-որ գործընթաց, որը ձախողվեց: Ո՞ւմ մեղքով, ո՞ւմ պատճառով՝ էական չէ: Ամբողջ գործընթացը ինքնին ձախողում էր»:

Անցած տարի Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ տվեց Անկարային 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար:

3 տարի առաջ Սարգսյանը դրանք հետ էր կանչել խորհրդարանից, իսկ երեկ՝ պաշտոնավարման ժամկետի ավարտին, հրամանագիր ստորագրեց այդ արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը պատահական չի համարում, որ Սարգսյանը գործընթացին վերջ դրեց հենց մարտի 1-ին․ - «Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի մեջ Սերժ Սարգսյանը մտել է մեկ նպատակով՝ Մարտի 1-ից հետո ստեղծված խորը ճգնաժամը, որը Հայաստանում կա, ու միջազգային հանրության ճնշումը թուլացնելու նպատակով, ինքը ասել է, որ մինչև գարուն․․․ բայց մի տեսակ մարտի 1-ին դա անելով՝ կարծես թե իրար հետ համընկնում ա՝ տասը տարի հետո հրաժարվում ա մի գործընթացից, որը իրեն օգնել է Մարտի 1-ը որոշակի չափով կոծկելու»:Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման հարցում միջազգային հանրության արձագանքը, քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով, կոշտ չի լինի, քննադատության սլաքները Հայաստանի դեմ չեն ուղղվի․ - «Որոշակի ճնշումներ կային ակնհայտորեն երկու կողմերի վրա էլ՝ նախաստորագրման փուլում: Հետագայում, երբ գործընթացը սառեցված էր, ճնշումներ, կարծում եմ, չեղան: Եվ հիմա էլ արձագանքները շատ կոշտ, կոպիտ չեն լինելու, որովհետև միջազգային հանրությունը, ինչպես ընդունված է, ուղղակի իր հիասթափությունը կարտահայտի, իր ափսոսանքը կարտահայտի, և հարցը կթողնեն ավելի լավ ժամանակների: Չեմ կարծում, որ քննադատության սլաքները կուղղվեն Հայաստանի դեմ, որովհետև այդ իմաստով Հայաստանի իշխանություններն իրավացի են: Իսկապես գնդակը Թուրքիայի դաշտում էր, և, չնայած կանխատեսելի էր, որ նրանք առանց նախապայմանների չեն գնա, ամեն դեպքում, էդպես էլ եղավ»:

Արմեն Գրիգորյանի կարծիքով նույնպես քննադատություն չի լինի․ - «Մեծ հաշվով, չեմ կարծում, որ Հայաստանի դեմ ուղղվի ինչ-որ քննադատություն․․․ կամ Թուրքիայի: Որովհետև այս պահին որևիցե ակնկալիք էլ չի եղել: Ո՞վ էր խոսում հայ-թուրքական արձանագրությունների մասին․․․ Ես կարծում եմ, հենց որևիցե բան չլինեն ա Սերժ Սարգսյանին հիմք տվել, որ ուղարի գրողի ծոցը, որովհետև իրականում, եթե լուրջ բան լիներ, Սերժ Սարգսյանը կվախենար դրանից»:

Գրիգորյանը գրեթե բացառեց, որ մոտ ապագայում կարող է մեկնարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց։

Երեկ Ազգային անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը ասել էր՝ եթե լինեն առաջարկություններ, Հայաստանը պատրաստ կլինի քննարկել։

«Թուրքիայում գնում է ավտորիտար ռեժիմի շատ ուժեղացում ր ծայրահեղական դիսկուրս այն ազգերի հետ, որոնց հետ Թուրքիան խնդիր ունի: Եվ Թուրքիան որևիցե ձև պատրաստական չի լինելու: Ավելին՝ Հայաստանը գրեթե նույն ուղղությամբ է գնում, և Սերժ Սարգսյանի համար սա ավելի շատ ռազմահայրենասիրական հայտարարություն է՝ արձանագրությունները ուղարկել գրողի ծոցը, քան քաղաքական ինչ-որ լուրջ նպատակ հետապնդող քայլ: Քաղաքական տեսանկյունից շատ անլուրջ ա՝ ուղարկել գրողի ծոցը, հետո ասել՝ պատրաստ եմ բանակցություններ սկսել: Ես կարծում եմ, որը ինքը որևիցե հնարավորություն չի էլ տեսնում բանակցությունների, դրա համար է էդպիսի բան ասում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG