Մատչելիության հղումներ

Բաքվի նարկոդիսպանսերում հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել


Ադրբեջան - Հրշեջները ժամանում են դեպքի վայր, 2-ը մարտի, 2018թ․

Առնվազն 24 մարդ է զոհվել Բաքվի նարկոլոգիական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով:

Վերականգնողական կենտրոնում հրդեհը բռնկվել է այսօր առավոտյան ժամը 6-ի սահմաններում: Լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներից և տեսանյութերից երևում է, որ միահարկ շենքը ամբողջովին պարուրված է հրդեհի բոցերով: Հաղորդվում է, որ հրդեհվել է ստացիոնար բուժման մասնաշենքը:

Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ երեք մարդ հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Պաշտոնյաները հայտնում են, որ հրդեհից 34 մարդ է փրկվել: Նարկոլոգիական դիսպանսերում ընդհանուր առմամբ 200 մարդ կար, ներառյալ բժշկական անձնակազմը, իսկ հրդեհված մասնաշենքում հինգ տասնյակից ավելի մարդ էր բուժվում:

Հրդեհի պատճառը դեռևս հստակ չի նշվում, սակայն Ադրբեջանի գլխավոր դատախազության, ինչպես նաև առողջապահության, ներքին գործերի, արտակարգ իրավիճակների նախարարությունների հաղորդագրություններում նշված է, որ շենքի էլեկտրամատակարարման ցանցում թերություններ են հայտնաբերվել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհն արդեն մարվել է, մանրամասների մասին կհաղորդեն ավելի ուշ:

Դեպքի վայր են մեկնել Ադրբեջանի նախագահը, արտակարգ իրավիճակների նախարարը, ներքին գործերի նախարարը և փոխվարչապետը:

Դատախազությունը քրեական գործ է հարուցել:

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մոտ ապագայում նարկոդիսպանսերի նոր շենք է կառուցվելու:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը իր և Եվրախորհրդի անունից ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, Ադրբեջանի իշխանություններին և ժողովրդին:

Ադրբեջանի նախագահին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG