Մատչելիության հղումներ

Մարտի 1-ից արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստան մտնող մեքենաները պետք է պարտադիր ապահովագրվեն


Բագրատաշենի անցակետը
Բագրատաշենի անցակետը

2018-ի մարտի 1-ից արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր ապահովագրվեն: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։

Դեսպանությունը նշում է, որ Հայաստանի Հանրապետության պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների ապահովագրումը ՀՀ տարածքում կատարվում է ՀՀ սահմանային անցակետերի մոտ տեղակայված РОСГОССТРАХ-ի գրասենյակներում, իսկ Վրաստանի տարածքում՝ սահմանակետի հարևանությամբ տեղակայված LIBERTY բանկի գրասենյակներում։

«Հերթերից խուսափելու նպատակով նախքան սահման հասնելը ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները կարելի է ապահովագրել նաև РОСГОССТРАХ ապահովագրական ընկերության այլ մասնաճյուղերում (բանակցություններ են վարվում, և շուտով ապահովագրական ընկերությունների ցանկը կընդլայնվի), ինչպես նաև www.tpl.ge կայքի միջոցով», - նշում է դեսպանությունը։

Ըստ հաղորդագրության, ապահովագրական փաթեթի արժեքը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից և ապահովագրման ժամկետից, բայց ոչ պակաս, քան 15 օր ժամկետով:

«Ապահովագրական փաթեթի արժեքներն են՝ մինչև 3500 կգ քաշ և ոչ ավելի քան 9 տեղ ունեցող տրանսպորտային միջոցներ - 15 օրվա համար՝ 30 լարի, 30 օրվա համար՝ 50 լարի, 90 օրվա համար՝ 90 լարի, մեկ տարվա համար՝ 295 լարի: 9 նստատեղ (վարորդի հետ) և ավելին ունեցող ավտոբուսներ - 15 օրվա համար՝ 45 լարի, 30 օրվա համար՝ 75 լարի, 90 օրվա համար՝ 140 լարի, մեկ տարվա համար՝ 480 լարի: 3500 կգ ավել քաշ ունեցող բեռնատարներ - 15 օրվա համար՝ 60 լարի, 30 օրվա համար՝ 100 լարի, 90 օրվա համար՝ 170 լարի, մեկ տարվա համար՝ 610 լարի: Բեռնատարների կցորդիչներ - 15 օրվա համար՝ 14 լարի, 30 օրվա համար՝ 25 լարի, 90 օրվա համար՝ 40 լարի, մեկ տարվա համար՝ 145 լարի», - հայտնում է դեսպանությունը՝ նշելով, որ ապահովագրումը թույլ կտա ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում փոխհատուցել տուժածների կրած ֆիզիկական և նյութական վնասները:

Ընդ որում, բժշկական օգնության ծախսերը կհատուցվեն մինչև 15 հազար լարի, մահվան կամ հաշմանդամության դեպքում՝ մինչև 30 հազար: Մեկ դեպքի համար ապահովագրական փոխհատուցման սահմանափակումը կկազմի 300 հազար լարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG