Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ․ Ռազմական ոստիկանությունը հափշտակության դեպք է բացահայտել


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը բացահայտել է հափշտակության դեպք, հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ռազմական ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «2015-2017 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի (կենտրոնական դեղաբազա) հրամանատարի տեղակալ, մայոր Լ. Ա.-ն և պաշտոնատար այլ անձիք շահադիտական նպատակով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ելքի ապրանքագրերում, հափշտակել են շուրջ 40 միլիոն դրամի ընդհանուր արժողության տարբեր դեղամիջոցներ և սարքավորումներ, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ»:

Փետրվարի 28-ին Քրեական օրենսգրքի 375-րդ («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը») հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») առաջին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն է իրականացվում ՀՀ զինվորական դատախազության ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող գործերի բաժնի դատախազի կողմից։

Լ. Ա.-ն ձերբակալվել է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ինչպես դեպքի բոլոր հանգամանքները, այնպես էլ ներգրավված անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG