Մատչելիության հղումներ

Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր խորհրդարանի ամբիոնից պարբերաբար փորձում էր վստահեցնել՝ 2011 թվականի դեկտեմբերի 2֊ից հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, և այդ օրվանից հանդիսացել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սակայն Սարգսյանի այս հավաստիացումները ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորներին չէին բավարարում:

«Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ միայն 2011 թվականի դեկտեմբերի 2-ից», - իր խոսքում հայտարարեց Սարգսյանը:

«Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարում է, երբ պետական քարտուղարը արձանագրում է և դրա վերաբերյալ ուղարկում է փաստաթուղթ դիմում ներկայացրածին: Այդպիսի փաստաթուղթ պետք է որ ստացած լինեք, դա հնարավո՞ր է հրապարակել», - նախագահի թեկնածուին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

«Ինչպես ասացի՝ իմ կողմից տրվել են այն բոլոր փաստաթղթերը, որոնք ինձանից պահանջվել են», - հակադարձեց Արմեն Սարգսյանը:

«Ես, միանշանակ, հավատում եմ, որ Դուք 2011 թվականի դեկտեմբերի 2-ին Ձեր դիմումը գրել եք Միացյալ Թագավորության իշխանություններին, բայց Eurasia House International կազմակերպությունը 2011-14թթ․ հարկային հաշվետվություն է ներկայացրել Միացյալ Թագավորության հարկային մարմիններին, որտեղ որպես տնօրեն նշված եք Դուք, իսկ Ձեր տվյալների մոտ գրված է՝ nationality, այսինքն՝ քաղաքացիություն՝ british, այսինքն՝ Միացյալ Թագավորություն», - մատնանշեց «Ելք»-ից Արարատ Միրզոյանը:

«2012-ից այդ բարեգործական կազմակերպությունը սառեցված կազմակերպություն է, ո՛չ տնօրենի, ո՛չ հաշվապահի համար այդ փաստաթղթում գրանցված քաղաքացիությունը ո՛չ էական է, ո՛չ էլ դա փաստ է Բրիտանիայի քաղաքացիության: Առաջին անգամ չէ, որ աշխատողը կամ նույնիսկ պետական ծառայողը սխալ է թույլ տալիս: Ուրեմն, նորից եմ կրկնում, դիմումը գրել եմ 2011 թվականի դեկտեմբերի 2-ին, համապատասխան փաստաթղթերը ներկայացրել եմ, իմ խիղճը հանգիստ է», - պատասխանեց Արմեն Սարգսյանը:

«Տեսեք, Դուք ասում եք՝ սխալի մասին, բայց մամուլում հրապարակում կա, որ Դուք եք ստորագրել Ձեր ձեռքով: Այդպիսի պնդում կա, և այդպիսի լուսապատճեններ են, ես չգիտեմ սրանք ինչ են։ Կա պարզ գործողություն՝ այդ թուղթը բերեք հրապարակեք՝ վերջացնենք: Ու սա մենակ հիմա չի Ձեզ հետապնդելու», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

«Այո, այդ փաստաթղթի տակ կա իմ ստորագրությունը: Երբ հաշվապահական մարմինը բերում է՝ այդ փաստաթուղթը փաստացի նրա մասին է, որ այդ ընկերությունը գտնվում է սառեցված վիճակում: Այդ փաստաթուղթը նրա մասին չէ՝ ես քաղաքացի եմ, թե չէ: Եվ ստորագրելուց ես նույնիսկ չեմ բացել և չեմ էլ կարևորել՝ ես քաղաքացի եմ, թե ոչ», - պատասխանեց նախագահի թեկնածուն:

«Դուք նախագահի պաշտոնն եք պատրաստվում ստանձնել: Այսինքն, մենք կարող ենք ակնկալել, որ Դուք թղթեր եք ստորագրելու ու չնայե՞ք մեջը ինչ է գրված: Կարո՞ղ է գրվի՝ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ, քաղաքցիությունը՝ Մեծ Բրիտանիա: Այսինքն՝ սա ի՞նչ անլուրջ վերաբերմունք է, կներեք, Հայաստանի Հանրապետության հանրության նկատմամբ: Եվ Ձեր այդ ելույթները, կներեք, Ձեր այս վերաբերմունքով ընդհանրապես արժեզրկվում են», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Նկատենք՝ Սահմանադրության համաձայն Հայաստանի նախագահի թեկնածուն վերջին 6 տարում պետք է լինի միայն Հայաստանի քաղաքացի։

«Ելք»-ից բացի Արմեն Սարգսյանին հարց ուղղեց Հանրապետականի ընդամենը 2 պատգամավոր՝ այդ թվում Միհրան Պողոսյանը: Ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Ծառուկյան» խմբակցությունը, ինչպես նաև Դաշնակցությունը լուռ էին:

Փոխարենը, արդեն ելույթների ընթացքում, Հանրապետականը փորձեց պաշտպանել Արմեն Սարգսյանին: Մասնավորապես՝ Արմեն Աշոտյանը զարմացավ, թե արդյոք այլ հարցեր չուներ ընդդիմությունը և գլխավոր խնդիրը նախագահի թեկնածուի քաղաքացիության տեղեկանքն էր: «Ելք» խմբակցության ղեկավարը Արմեն Աշտոյանին հորդորեց Սահմանադրություն կարդալ․ - «Թե՞ սահմանադրականությունը այլևս Ձեր կուսակցության համար որևէ նշանակություն չունի: Եթե Սահմանադրությունը չեք կարդացել, գոնե «Իվան Վասիլևիչը» փոխում է մասնագիտությունը ֆիլմը նայե՞լ եք, թե՞ չեք նայել, պարո՛ն Աշոտյան: Որտեղ գալիս, ասում է՝ Вoйскo взбунтoвалoсь! "Гoвoрят, царь - не настoящий!" Այսինքն, Իվան Գրոզնու ժամանակներից սա առանցքային հարց է, царь – настoящий թե՞ не настoящий: Աշոտյանն ասում է՝ այս ի՞նչ խնդիր է: Հիմա՝ մամուլում տասնյակ հրապարակումներ կան, փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Դուք, պարոն Սարգսյան, 2011 թվականից հետո էլ եղել եք Բրիտանիայի քաղաքացի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG