Մատչելիության հղումներ

Սլովակիայում լրագրողի սպանությունից հետո պաշտոնյաները հրաժարական են տալիս


Սլովակիայում լրագրող Յան Կուցյակի սպանությունից հետո հրաժարական են տվել Անվտանգության խորհրդի քարտուղար Ուիլիամ Յասանը, վարչապետի օգնական Մարիա Տրոշկովան: Նրանց անունները շոշափվում էր հետաքննող լրագրողի հրապարակումներում, բայց նրանք հերքել էին կոռուպցիոն ենթադրյալ կապերը:

Հրաժարական է տվել նաև մշակույթի նախարար Մարեկ Մադյարիչը, ում գործունեության ոլորտը ընդգրկում է նաև լրագրողական դաշտը: Մշակույթի նախարարն ասել է՝ «չի պատկերացնում, թե լրագրողի սպանությունից հետո ինչպես կարող է նստել նախարարի աթոռին»:

Ընդդիմությունը պահանջում է նաև ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինակի և ոստիկանապետ Տիբոր Գասպարի հրաժարականները:

27-ամյա լրագրող Յան Կուցյակը աշխատում էր Aktuality.sk կայքում: Համագործակցելով «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտոն»-ի (OCCRP) հետ նա հետաքննում էր Սլովակիայի քաղաքական գործիչների հնարավոր կապերը իտալական մաֆիայի հետ:

Նրա մահից հետո լրատվամիջոցները հրապարակել են նրա կիսատ հետաքննությունը: Իսկ նրա կողմից փետրվարի 9-ին հրապարակված վերջին հոդվածը վերաբերում էր հարկային հնարավոր մեքենայություններին կապված Բրատիսլավայում բնակելի ժամանակակից համալիր կառուցելու հետ:

Ենթադրվում է, որ ներքին գործերի նախարարը գործարար կապեր ունի կառուցապատողների հետ: Դեռ անցյալ տարի ընդդիմությունը պահանջում էր ներքին գործերի նախարարի հրաժարականը, սակայն թե՛ նա, թե՛ կառուցապատողը հերքում են կոռուպցիոն մեղադրանքները։

Հրազենի կրակոցով սպանված լրագրողի և նրա ընկերուհու մարմինները հայտնաբերվել են փետրվարի 25-ի երեկոյան Բրատիսլավայից 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վելկա Մասա բնակավայրում:

Ոստիկանությունը հնարավոր է համարել, որ սպանությունը կապված է լրագրողի մասնագիտական գործունեության հետ:

Սլովակիայի պատմության մեջ սա լրագրողի առաջին սպանությունն է: «Սլովակիան երբեք չի բախվել լրագրողի վրա կատարված այսպիսի աննախադեպ հարձակման հետ», - ասել է ներքին գործերի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG