Երևանի կենտրոնում մարտի 1-2-ին տեղի ունեցած հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի անց այդպես էլ չի տրվել այն հարցի պատասխանը, թե ում կողմից և ում հրամանով սպանվեցին 10-ը քաղաքացիները՝ Տիգրան Աբգարյանը, Արմեն Ֆարմանյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Զաքար Հովհաննիսյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը և Համլետ Թադևոսյանը։
Գոռ Քլոյանը 28 տարեկան էր։ «Ազատության» հետ զրույցում նրա ծնողները՝ Սարգիս Քլոյանը և Ազատուհի Մանուկյանը փոխանցեցին, որ Գոռի կինն ու երկու որդիները մեկուկես տարի առաջ տեղափոխվել են Ռուսաստան՝ մշտական բնակության։
«Էս օրը քնից արթնացավ, ասեց՝ մամ, երազ եմ տեսել, ատամներս լրիվ թափվել էր, ձեռքով ուզում էի կպցնել: Ասի՝ Գոռ ջան, տնից դուրս չգաս, շատ վատ երազ ես տեսել», - արցունքներն աչքերին վերհիշեց տիկին Ազատուհին:
«Հիմնական զոհերը եղել ա Ձկան խանութի դիմաց՝ Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան-Մաշտոց խաչմերուկում», - ասաց Սարգիս Քլոյանը: - «Պետությանն ա արդեն պրիզնատ էկել, որ ցուցարարները ձեռը զենք չի էղել: Ձկան խանութը նախագահի նստավայրից հեռու էր, Ազգային ժողովից հեռու էր, Կառավարության շենքից հեռու էր, ատոմակայանից հեռու էր․․․ ինչի՞ սպանեցիք էդ քաղաքացիներին․․․ Էս տասը տարվա մեջ մեզ դատախազությունից և Հատուկ քննչական ծառայությունից ասում են, որ գնում ա նախաքննություն: Բայց մենք բոլորս համոզված ենք, որ մեր գործերը թոզը վրեն դրած դարակներում գցած ա: Էդ ճյուղի վրա իրանք են նստած, էդ ճյուղը իրանք երբեք չեն կտրելու»:
Արմեն Ֆարմանյանը 33 տարեկան էր։ Հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը պատմում է մարզիկ որդու մասին, ով դեռ չէր հասցրել ընտանիք կազմել, երեխա ունենալ․ - «Հիշողության մեջ կոտորումը մնաց, կոտորվեցին տասը ընտանիք, որից մեկը 18 տարեկան զինվոր էր: Իշխանության տեսակետը նույնն ա մնացել, չի փոխվել: Երևակայի՝ ավելի վատ, քան տասը տարի առաջ: Իշխանությունը ամեն կերպ ուզում ա փակի: Արմեն Ֆարմանյանին խփել եք դո՛ւք: Գոռ Քլոյանին խփել եք դո՛ւք: Բոլոր տասին էլ դո՛ւք եք խփել: Սպանություն պըտի անեին, որ իրանք անցնեին իշխանության գլուխ: Ես չէի նեղվի այն դեպքում, երբ որ իմ որդին զոհվեր սահմանամերձ գոտում՝ Ղարաբաղում կամ Հայաստանի սահմանամերձ գոտում․․․ Հետևից էին խփել գխին: Թե չէ ուրիշ ոչ մի հատ քերծվածք, մի հատ դուբինկով խփած, էսիմ ինչ արած՝ չէ․․․ Բացառված ա, որ մենք հանգստանանք, բայց, ամեն դեպքում, մենք չիմանա՞նք, թե ինչի համար ես խփել: Զե՞նք կար ձեռքը, ի՞նչ կար իմ տղու ձեռքը, որ խփեցիք, թող մեկը բերի ու ապացուցի»:
Զոհերից 46-ամյա Հովհաննես Հովհաննիսյաննի դուստրը՝ Գայանեն 17 տարեկան էր, երբ կորցրեց հորը․ - «Հայրիկիս մենակ հիշում եմ էն, որ իրա պես բարի մարդ չկա էս աշխարհում․․․ Միանգամից մեծացա, էս տասը տարին մի օրվա պես անցավ: Մարտի 1-ը մեզ համար էս տասը տարի ա, չի համարվում գարնան առաջին օր, սիրո տոն ինչ-որ․․․ տենց բաներ չկա, արդեն վաղուց մենք մոռացել ենք էդ ինչ ա: Իրանք իմ պատանեկան տարիները ինձանից խլեցին․․․ Ոչ թե չի պարզվում, այլ չեն ուզում, որ պարզվի»:
Հովհաննեսի կինը՝ Լիլիա Մինասյանը, ինչպես և մյուս զոհերի հարազատները, արդարադատության ակնկալիք միայն դրսից՝ Եվրոպական դատարանից ունի․ - «Մարտի 2-ի գիշերը նոր եղելությունը իմացանք, որ մարդասպաններ կան քաղաքում․․․ Գնդակահարել են փաստորեն անմեղ մարդուն, որ արդեն տուն էր գալիս: Մարդիկ են տեսել, որ ասել ա՝ տուն եմ գնում․․․ Պատկերացնում էի, որ կհարձակվեն դուբինկեքով, գազերով, ջրով կամ մի ձև ժողովրդին հետ կքաշեն, բայց որ մարդասպանություն․․․ էդ կրակոցները, որ մենք լսեցինք, զարմացանք, որ մեր երկրում կարան ինչ-որ տանկեր ու եսիմ ինչեր բերեն ժողովրդի դեմ, որը արդարություն էր ուզում»: