Մատչելիության հղումներ

Նաև հրաման տվողները պետք է պատասխան տան․ «Մարտի 1-ի» նախկին Փաստահավաք խմբի անդամ


նախկին Փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանը և Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ»-ի տաղավարում

«Տեսակետների խաչմերուկի» հյուրերը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների պատճառների վերհանմանը և բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումն իրականացնող նախկին Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանն են:

«Ազատություն»․ -Ըստ էության, հայտնի են, թե ովքեր են «Չերյոմուխա-7» գազային նռնակով կրակած մարդիկ՝ ոստիկանության զորքերի ենթասպաներ Մկրտչի Ղարիբյանը, որը ութ հատ է կրակել, Վարդան Սահակյանը, որը 9 հատ է կրակել, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ենթասպաներ Լևոն Հակոբյանը՝ 20 հատ, Ավետիք Աթաբեկյանը՝ 19 հատ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ զոհերի պատասխանատվությունը հիմնականում այս անունների շրջանակում է:

Սեդա Սաֆարյան․ - Ես այդքան էլ համակարծիք չեմ, որ հենց կրակող անձը պիտի պատասխան տա այս հարցում: Կարծում եմ, որ պիտի ավելի վերև բարձրանալ և պարզել, թե ում հրամաններն ու հրահանգներն են նրանք կատարել: Եվ եթե ապօրինի հրամաններ ու հրահանգներ են եղել, և ինչպես Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց, արգելված զինատեսակ է օգտագործվել, հետևապես նրանք պիտի այդ հրամանը չկատարեին:

«Ազատություն»․ -Հիմա պնդում են, որ կրակելու հրաման չի եղել, ոստիկանները ինքնուրույն են գործել, ոստիկանը պարտավոր է զենք գործադրել օրենքով նախատեսված հիմքերի դեպքում:

Սեդա Սաֆարյան․– Այս նույն տղաներին՝ հրաման տվող անձանց մենք Փաստահավաք խմբում լսել ենք: Նրանք ոչ միայն հայտնել են, որ իրենք են հրաման տվել, այլև ասել են, թե ով որտեղ է կանգնած եղել, և անհատականացման համար բավարար էր միայն պարզել, թե այդ դեպքի վայրերում ով է սպանվել: Նրանք բոլորը տարբեր վայրերում են սպանվել, բավականին միմյանցից հեռու, և այնպես չէ, որ բոլոր մատնանշված անձինք նույն տարածքում, նույն տեղն են կրակել: Այն, որ այսօր պատճառաբանում են, թե չգիտեն՝ ում կրակոցից ով է սպանվել, ես այդքան էլ համակարծիք չեմ: Կարծում եմ, որ քննության համար շատ պարզ է եղել, և կարելի էր էդ հանգամանքի ուժով պարզել, թե ինչ է կատարվել:

«Ազատություն»․ - Կրակելու հրաման եղել է:

Անդրանիկ Քոչարյան․ - Այո, եղել է, մենք հրաման տվողներին բոլորին լսել ենք, մեր զեկույցում ներառել ենք ամբողջ փաստական նյութը, հարցաքննությունների արդյունքները՝ սղագրությունները: Երբ հրապարակեցինք զեկույցը, զոհվածների հարազատները ինտուիտիվ գտան, թե ում կրակոցի արդյունքում իրենց հարազատը մահացած կլինի: Այնպես, որ քննությունը իրականացնող մարմնի համար պարտադիր չէր միայն տեխնիկական հնարավորությունների վրա հենվել: Մենք բացահայտել ենք հրաման տվողների ամբողջ շղթան: Բայց այդ շղթայի մեջ, բացի կրակողներից, [մյուսները], որոնք մեղադրյալ են արդեն 7-8 տարի, մնացած հրաման տվողներին մեղադրանք է ներկայացվել զենքի անզգույշ կիրառման համար: Բայց ոչ մեկի գործը չի հասել [դատարան]:

Սեդա Սաֆարյան․ – Երբ զորամասում մենք կրակողներին լսում էինք, շատ ծանր հոգեբանական վիճակում էին: Տղաներից մեկը, երբ դեռ չէինք հասցրել իրեն հարց տալ, գոռում էր, թե ինքը մարդասպան չէր: Ուզում եմ ասել, որ իրենք գիտակցում էին, որ հայտնվել են փակուղում և շատ վատ վիճակում էին: Կարծում եմ, որ հոգեբանական խնդիրներ էին իրենց մոտ առաջացել և հասկանում ենք, թե դա ինչի արդյունք էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG