Մատչելիության հղումներ

Մի քանի տարվա դադարից հետո Բերլուսկոնին վերադառնում է մեծ քաղաքականություն


Սիլվիո Բերլուսկոնի, արխիվ
Սիլվիո Բերլուսկոնի, արխիվ

«Ես աներևակայելի կերպար եմ», «Միայն Նապոլեոնն է ինձ գերազանցել», «Քաղաքականության մեջ ես Հիսուս Քրիստոսն եմ, զոհաբերում եմ ինձ՝ հանուն բոլորի»։ Աշխարհում կա միայն մեկ քաղաքական գործիչ, ով կարող է իր մասին նման հայտարարություններ անել առանց կարմրելու՝ ամենայն լրջությամբ և վստահությամբ, որ դա է ճշմարտությունը։ Այդ քաղաքական գործչի անունը Սիլվիո Բերլուսկոնի է», - գրում է իտալական «Էլ Մունդո» թերթն՝ անդրադառնալով Իտալիայում առաջիկա կիրակի օրը սպասվող խորհրդարանական ընտրություններին, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Բերլուսկոնին՝ իր գլխավորած կուսակցությամբ։

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող 81-ամյա Բերլուսկոնին, ով շուրջ երկու տասնամյակ ղեկավարել է Իտալիան, կրկին մեծ քաղաքականություն է վերադառնում մի քանի տարվա դադարից հետո։

Նրա առաջնորդած աջակողմյան կուսակցությունը, ըստ նախնական հարցումների, խորհրդարանական ընտրությունների հավանական առաջատարն է։

Սիլվիո Բերլուսկոնին ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում և կրկին իտալացի ընտրողի համակրանքը շահում 2011 թվականի աղմկահարույց հրաժարականից հետո, երբ ստիպված էր թողնել վարչապետի աթոռը երկրում ստեղծված աննախադեպ տնտեսական ճգնաժամի ֆոնին՝ 2013 թվականին ֆինանսական մեքենայությունների մեջ մեղավոր ճանաչվելուց և սենատորի պաշտոնից հեռացվելուց հետո։

Բերլուսկոնին քաղաքականություն է վերադառնում, չնայած նրա նկատմամբ ավելի վաղ սահմանված դատարանի վճռին՝ մինչև 2019 թվականը պետական պաշտոններ չզբաղեցնելու արգելքի մասին։ Բացի այդ նա 77 տարեկանում ավելի քան երկուսուկես տարվա ազատազրկման է դատապարտվել։ Հաշվի առնելով տարիքը, դատարանը որոշել է նրա բանտային կալանքը փոխարինել ծերանոցում սոցիալական աշխատանքով։

Իտալիայի ամենաերկարակյաց վարչապետի անվան հետ են կապվում բազմաթիվ աղմկահարույց պատմություններ, այդ թվում՝ աշխարհահռչակ «բունգա-բունգա» սեքսուալ սկանդալը, որի գործով դատարանը Բերլուսկոնիին մեղավոր է ճանաչել անչափահաս աղջկա հետ գումարի դիմաց սեռական կապ ունենալու մեջ։

«Այս ամենից հետո նա կրկին քաղաքական դաշտում է և նրա գլխավորած աջակենտրոն կոալիցիան ամենայն հավանականության կհաղթի, ավելին», - շարունակում է հոդվածագիրը. - «Եվրոպայում աղոթում են, որ հենց իրենք հաղթեն, հակառակ դեպքում իշխանության կգա նրանց մրցակիցը՝ եվրասկեպտիկներին միավորող «Հինգ աստղ» նորաստեղծ շարժումը, որը սկսել է Եվրամիության անդամ և եվրագոտու մեծությամբ երրորդ տնտեսությունն ունեցող Իտալիայում մեծ ժողովրդականություն վայելել»։

Վլադիմիր Պուտինի և Մուամար Քադաֆիի մտերիմ ընկեր Բերլուսկոնին, ինչպես նշում է «Էլ Մունդո» պարբերականն, այժմ խորհրդանշում է կայունություն և անդորր։

Ինքը՝ Բերլուսկոնին, սակայն չի կարող վարչապետ դառնալ դատվածության պատճառով, մինչ այդ մամուլն արդեն նրան համարում է ապագա ստվերային ղեկավար։

Նշենք, որ բացի Բերլուսկոնիի գլխավորած «Առաջ Իտալիա» կոալիցիայից և պոպուլիստական «Հինգ աստղ» շարժումից, մարտի 4-ին կայանալիք Իտալիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է նաև աջակողմյան «Հյուսիսային լիգան», ձախակենտրոն Դեմոկրատական կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG