Մատչելիության հղումներ

Մեր լավագույն ռեժիսորներից Ալբերտ Մկրտչյանը երեկ՝ փետրվարի 27-ին վերջին անգամ նշեց իր ծննդյան օրը և իր մահկանացուն կնքեց այսօր վաղ առավոտյան՝ 81 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո:

Ծնունդով գյումրեցի Ալբերտ Մկրտչյանն իր ավագ եղբոր՝ հայ թատրոնի և կինոյի մեծագույն վարպետներից Մհեր Մկրտչյանի հետ իրենց թողած արվեստով մի ամբողջ ժամանակաշրջան են ներկայացնում թե՛ ազգային, թե՛ համամարդկային, թե՛ գեղագիտական իրենց ըմբռնումներով և աշխարհայացքով:

«Հին օրերի երգը», « Մեր մանկության տանգոն», «Շնչառություն», «Ուրախ ավտոբուս», «Տխուր փողոցի լուսաբացը» և Ալբերտ Մկրտչյանի նկարահանած շատ ու շատ այլ ֆիլմեր թե՛ խորհրդային, թե՛ ժամանակակից հայ կինոյի պատմության լավագույն էջերից կարող են համարվել:

Իր ֆիլմերից երեքի համար Ալբերտ Մկրտչյանն արժանացել է պետական մրցանակի: Առաջին անգամ 1972 թվականին՝ «Հուշարձան» ֆիլմի համար, հետո տասը տարի անց՝ «Հին օրերի երգը» ֆիլմի համար, և 2000 թվականին ՝«Ուրախ ավտոբուս» ֆիլմի համար:

Իհարկե կինոռեժիսորն արժանացել է նաև այլ պարգևների և մրցանակների, որոնցից յուրաքանչյուրը նրա կատարած աշխատանքի, նրա ստեղծած կինոարվեստի որոշակի արժեվորումն է:

2000 թվականից Ալբերտ Մկրտչյանը եղբոր՝ Մհեր Մկրտչյանի հիմնադրած և նրա անունը կրող թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր: Այստեղ ևս բազմաթիվ ներկայացումներ է բեմադրել:

Նա իր նկարահանած ֆիլների առնվազն կեսի սցենարի հեղինակն է եղել, նաև որպես դերասան հանդես է եկել երեք ֆիլմերում:

«Ես կարծում եմ, որ հայկական կինոյի համար լուրջ կորուստ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: - «Նման մարդիկ գնում են, և դրանից որակն է պակասում: Ցավոք սրտի, վերջին 25 տարիներին որակը միայն պակասում է․․․ Ռեժիսորը մնում է իր ֆիլմերի մեջ: Եզակի մասնագիտություն է, փառք Աստծու, որ, եթե լավ ֆիլմ ես անում, դու հավերժություն ունես: Գոնե քո ազգի համար, որը կարևոր է: Եթե ոչ ամբողջ աշխարհի համար: Ես կարծում եմ, որ ինքը իր էջը ունի հայկական կինոյի մեջ․ դեռ երկար կգան ու կնայեն: Ինձ համար շատ ցավալի է, որովհետև կյանքիս ինչ-որ մի կտոր գնաց, որովհետև կինոյում իմ առաջին քայլերը կապված են իր հետ»:

«Ազատության» դիտարկմանը, թե Ալբերտ Մկրտչանը քիչ էր ստեղծագործում, Բաղդասարյանն արձագաքնեց․ - «Քիչ էր ստեղծագործում և՛ Ալբերտ Մկրտչյանը, և՛ շատ բան չարած գնաց Մհեր Մկրտչյանը, ես չեմ կարծում, որ ինքը խաղաց այնքան, ինչքան պետք է խաղար: Խորեն Աբրահամյանը․․․ Ես չեմ կարծում, որ այսօրվա ռեժիսորները նկարում են էնքան, ինչքան պիտի նկարեն: Էսօր սալաթի դար ա՝ մի օրում նկարեն մի սերիա, երեք օրում տան եթեր․․․ Բայց դա չի կարող անվերջ լինել: Նման պայմաններում, ես չեմ կարծում, որ Ալբերտ Մկրտչյանը կարողանար աշխատել․․․ Աստված հոգին լուսավորի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG