Մատչելիության հղումներ

Մարտի 1-ին ընդառաջ երևանյան դեղատներում աննախադեպ հերթեր են։ Լուրը, որ վաղվանից հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղեր վաճառվելու են բացառապես դեղատոմսով, քաղաքացիներին ստիպում է հավելյալ գնումներ կատարել։

«Ազատության» հետ զրույցում դեղատան հաճախորդները դժգոհեցին նոր փոփոխությունից՝ նշելով որ գլխացավի կամ փորացավի համար դեղատոմս ստանալու նպատակով բժշկին այցելելը հավելյալ քաշքշուկ է։

Քաղաքացիներից շատերն անգամ տեղեկացված չէին, թե դեղերի մասին օրենքի այս կետն ինչ կարգով է գործելու։ Իրազեկման պակաս կա՝ ասացին նրանք։ Մի մասն էլ պնդեց՝ դեղատոմս դուրս գրելը անվճար չի լինելու, քանի որ բժշկի այցելելը, թեկուզև ամբուլատորիայում որոշակի «մաղարիչ» կամ «շնորհակալություն» է ենթադրում։

Դեղատան աշխատակիցները ևս հաստատեցին՝ խուճապ կա, իսկ վերջին օրերով այն ավելի վառ է արտահայտվել։ Մարդիկ մի քանի ամսվա դեղորայք են պաշարում, բայց իրականում հասարակ ցավազարկողների վաճառքը շարունակվելու է առանց դեղատոմսի: «Ազատության» հարցին՝ իսկ գիտեն թե ինչպես են աշխատելու վաղվանից, արձագանքեցին՝ ոչ այնքան հստակ։

Եթե վաղվանից դեղատոմսով կվաճառվեն միայն հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղեր, ապա հոկտեմբերից այդ ցանկը կընդլայնվի։ Բացառապես դեղատոմսով հնարավոր կլինի ձեռք բերել Հայաստանում գրանցված 4700 դեղամիջոցներից 2700-ը։ Նախարարությունն արդեն հաստատել են դեղատոմսի 4 նոր ձև՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար:

Առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության բաժնի պետը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ իրազեկումն իրականացվել է ըստ պատշաճի։ Անահիտ Մկրտչյանն ասաց՝ առաջին օգնության համար նախատեսված դեղերը շարունակելու են ազատ վաճառվել․ - «Նախարարության կողմից իրազեկման աշխատանքները տարվել են, ցուցակները ներկայացված են բոլոր բժշկական հաստատություններին, որ մարտի 1-ից որ դեղերը պետք է դեղատոմսով ձեռք բերվեն: Այն դեղերը, որոնք առաջին օգնության համար են՝ սրտի կաթիլներ, ցավազրկողներ, հակաալերգիկ դեղեր, դրանք բոլորը առանց դեղատոմսի բաց թողնվող դեղեր են»:

Մկրտչյանը նաև վստահեցրեց, որ ամբուլատորիաները իրազեկվել են օրենքի փոփոխությունների մասին, ունեն անհրաժեշտ ձևաթղթերը և պատրաստ են սովորականից ծանրաբեռնված աշխատելուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG