Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան փողոցը վերանվանվեց Նեմցովի անունով


Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության երրորդ տարելիցի օրը Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան փողոցը վերանվանվեց նրա անունով:

Նեմցովի անվան հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը երեկ ներկա էին նրա ընկերներն ու հարազատները ՝ այդ թվում թունավորման երկու անհաջող փորձից հետո Ռուսաստանը լքած լրագրող Վլադիմիր Կարա-Մուրզան, Նեմցովի դուստրը՝ Ժաննան, ինչպես նաև տասնյակ ամերիկյան քաղաքական գործիչներ, ովքեր ռուսաստանցի ամենասկզբունքային, ամենավառ ու ամենասրամիտ քաղաքական գործիչներից մեկը համարվող Բորիս Նեմցովին հիշում են որպես մի մարդու «ով ցանկանում էր Ռուսաստանը դարձնել բաց աշխարհի համար, ով պայքարում էր կոռուպցիայի և կամայականությունների դեմ, ընդդիմանում մարդու իրավունքները ոտնահարող ռուսաստանյան իշխանություններին և խստորեն քննադատում Կրեմլին՝ Ուկրաինա ներխուժելու համար»:

«Բորիս Նեմցովը իր ողջ կյանքը նվիրել է ժողովրդավար և ազատ Ռուսաստան ունենալու գործին: Նա բացեիբաց քննադատում էր Վլադիմիր Պուտինին և նրա ռեժիմին՝ կոռուպցիայի և Ուկրաինայի մի մասը բռնազավթելու համար, ինչն էլ ի վերջո հանգեցրեց այսպիսի ողբերգության, որը բաժին է հասել բոլոր նրանց, ովքեր համարձակվել են քննադատել Պուտինին», - երեկ հայտարարում էր հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, ով ԱՄՆ-ում Նեմցովի անվան հրապարակ ունենալու առաջարկի հեղինակն է:

Սենատոր Ռուբիոյի խոսքերով Նեմցովի հիշատակը վառ պահելու համար անհրաժեշտ է մշտապես և բարձր խոսել «Պուտինի բռնապետական ու ագրեսիվ քաղաքականության մասին, պատերազմական հանցագործներին նրա աջակցության մասին, ինչպիսին Ասադն է Սիրիայում»:

Վաշինգտոնի «Վիսկոնսին» ավենյուում, որի անվանումը նշվում է ռուսաստանյան դիվանագիտական առաքելության շենքի ներկայիս հասցեում, տեղադրվել են ընդհանուր առմամբ չորս ցուցատախտակներ, որոնց վրա գրված են ինչպես նախկին, այնպես էլ նոր հասցեները։ Ռուսաստանի դեսպանատունը կարող է օգտվել այդ հասցեներից՝ իր նախընտրությամբ:

Ռուսաստանցի պաշտոնյաները, մինչդեռ, նոր հասցեն ընդունել են մեծ դժկամությամբ: Արտգործնախարարությունը ավելի վաղ կոշտ քննադատությամբ է արձագանքել նախաձեռնությանը, հայտարարելով, թե այդ կերպ «շահարկում են» սպանված քաղաքական գործչի անունը:

Ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Կարա-Մուրզան, սակայն, հակադարձում է՝ «Ռուսաստանի քաղաքացու համար ոչինչ ավելի հայրենասիրական չէ, քան ռուսաստանցի քաղաքական գործչի անունով կոչել փողոցը որի վրա տեղակայված է Ռուսաստանի դեսպանատունը»:

«Ինչ կարծիք էլ հիմա ունենան այդ մասին Կրեմլում, ես գիտեմ՝ մի օր Ռուսաստանի պետությունը հպարտանալու է, որ Վաշինգտոնի դեսպանատունը գտնվում է մի փողոցում, որը կրում է Բորիս Նեմցովի անունը», - հայտարարում էր ռուսաստանցի լրագրողը:

Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովը ով պաշտոնավարման տարիներին առանձնանում էր բարեփոխական նախագծերով, հետագայում դարձել էր իշխող վարչակազմի կոշտ քննադատն ու անցել ընդդիմադիր ճամբար, սպանվել է երեք տարի առաջ՝ փետրվարի 27-ին՝ Կրեմլի մոտ գտնվող «Բոլշոյ մոսկվորեցկի» կամրջի վրա: Մի քանի օր անց նա պետք է մասնակցեր Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների դեմ բողոքի խաղաղ ակցիային: Կրեմլը կտրականապես հերքում է իր մասնակցությունը ընդդիմադիր գործչի սպանությանը:

Պուտինի ամենակոշտ ընդդիմախոսի սպանությունը մեծ ցասում և ցնցում առաջացրեց ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։

Ամիսներ առաջ Մոսկվայի շրջանի ռազմական դատարանը նրա սպանության համար մեղավոր ճանաչեց մի խումբ չեչենների: Ռուսաստանյան ընդդիմադիրներն ու Նեմցովի հարազատները, մինչդեռ, վստահ են՝ հանցագործության իրական կազմակերպիչները շարունակում են մնալ ազատության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG