Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կվարվի այնպես, ինչպես Չերչիլն ու Շարլ դը Գոլը. Շարմազանով


Անկախ այն բանից, որ Սերժ Սարգսյանը դեռևս 2014-ին հայտարարել է, թե չի լինելու վարչապետ, Սարգսյանը պետական գործիչ է և առաջնորդվելու է ոչ թե իր ցանկություններով, այլ պետության շահով, այսօր «Ազատության» հետ զրույցում շեշտեց իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով՝ վարչապետ ու նաև նախագահ չլինելու մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է այլ ժամանակաշրջանում և այլ իրողությունների պայմաններում։

Շարմազանով. - Ի տարբերություն որոշ գործիչների, Սերժ Սարգսյանը պետական գործիչ է, իսկ պետական գործիչն առաջնորդվում է ոչ թե իր անձնական հավակնություններով, այլ պետության շահի գերակայությամբ։ Պետության շահն ինչպես պահանջի, այնպես էլ մենք կվարվենք։

«Ազատություն». - Սերժ Սարգսյանն ասել է, որ չի ուզում լինել վարչապետ։ Պետության շահը, եթե ստիպի, նա կլինի՞։

Շարմազանով. - Բա ասեցի, պետական գործիչը նրանով է տարբերվում քաղաքական գործչից և սովորական գործչից, որ ինքն առաջնորդվում է ոչ թե իր հավակնություններով, իր ցանկություններով այլ պետության շահի գերակայությամբ։

«Ազատություն». - Եթե դուք որոշեք, Սերժ Սարգսյանը պետք է իր այդ ցանկությունը և իր որոշումը՝ չլիներ վարչապետ, մի կողմ դնի՞։

Շարմազանով. - Մենք անջատված չենք, մենք Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի ներկայացուցիչներն են, ինքը մեր անփոխարինելի ղեկավարն է, ժամանակը կգա, միասին կքննարկենք, ոնց պետության շահը պահանջի, այդպես էլ կանենք։

«Ազատություն». - Անկախ նախկինում նրա արած հայտարարությունների՞ց։

Շարմազանով. - Այո՛, ի՞նչ խնդիր կա, որովհետև յուրաքանչյուր հայտարարություն արվում է տարբեր ժամանակահատվածներում՝ տարբեր իրողություններից ելնելով։

Ի դեպ, անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանը հայտարարել, որ Սահմանադրության փոփոխությունից հետո չի լինելու ո՛չ վարչապետ, ո՛չ նախագահ, բայց հետո փոխի իր դիրքորոշումը, Հանրապետականի խոսնակը, իբրև պատմաբան, հիշեցնում է Չերչիլին և Շառլ դե Գոլին:

Շարմազանով. - Չերչիլից մինև Շարլ դե Գոլ արել են մի հայտարարություն և տարիներ անց իրականցրել են քայլեր, որոնք հակասել են այդ հայտարարությանը, բայց բխել են իրենց ազգի ու պետության շահերից։

«Ազատություն». - Նույն կերպ վարվելո՞ւ է Սերժ Սարգսյանը։

Շարմազանով. - Մենք բոլորս վարվելու ենք այնպես, ինչպես պահանջի պետության շահը։

Հիշեցնենք՝ երեկ այսօրինակ հայտարարություն էր արել նաև իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ըստ էության, չակերտները բացելով, որ եթե կուսակցությունը որոշի Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում, ապա նա պետք է ենթարկվի այդ որոշմանը:

Պատասխանելով մեր այն հարցին, որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ հայտարարել է, որ չի հավակնելու ո՛չ վարչապետի, և ո՛չ էլ նախագահի պաշտոնի Վահրամ Բաղդասարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում շեշտեց․ եթե քաղաքական ուժերը սկսեն ցանկություններով կամ հավակնություններով առաջ շարժվել, ապա այդ քաղաքական ուժը կկորցնի իր դեմքը:

«Ազատություն»․ - Դուք ասում եք, եթե նա շարքային կուսակցական է, պետք է ենթարկվի կուսակցության որոշմանը, նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը հրաժարվե՞լ է 2014-ին, որ կլինի վարչապետ:

Բաղդասարյան․ - Ես նորից եմ կրկնում՝ մենք հավակնություններով, ցանկություններով երկրի դեմքեր չենք ընտրում: Եթե կլինեն հիմնավորումներ, եթե յուրաքանչյուր թեկնածու կարող է տալ իր հիմնավորումները, եթե քաղաքական ուժի կողմից կլինի ընդունելի, մենք կընդունենք, եթե ոչ՝ իրավիճակը այնպիսին է, որ քաղաքական ուժը գտնում է, որ տվյալ պաշտոնում կամ տվյալ պոստում պետք է զբաղեցնի տվյալ կուսակցականը, յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացուցիչ պարտավոր է պարկեշտ ձևով ենթարկվել քաղաքական ուժի որոշմանը:

«Ազատություն»․ - Անկախ այն բանից, թե նա ինչպիսի ցանկություն ունի և ինչ հայտարարություն է արել նախկինո՞ւմ:

Բաղդասարյան․ - Եթե սկսեցին քաղաքական ուժերը ցանկություններով կամ հավակնություններով առաջ շարժվել, այդ քաղաքական ուժը, որպես այդպիսին, կարող է կորցնել իր դեմքը:

Ի դեպ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերարտադրությունը վարչապետի պաշտոնում կանխելու՝ «Ելք»-ում ընթացող քննարկումներին, իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են և հասարակությունն իր ձայնը Հանրապետականին է տվել, այնպես որ հենց իրենք էլ կորոշեն, թե ով է լինելու վարչապետն ու փոխվարչապետը՝ առաջնորդվելով պետության և ժողովրդի շահերով:

Շարմազանով․ - Իսկ մնացածը՝ Նիկոլ Փաշինյանն ինչ է ասում, Արամ Սարգսյանն ինչ է ասում, օրակարգը ինչ է, Ազատության հրապարակ գնում են, չեն գնում, համամիտ են, համամիտ չեն՝ ամեն մեկը պետք է խոսի այնքան, ինչքան ունի մանդատ: Եթե իրենք ուզում են իրենք որոշեն ով է լինելու վարչապետ, խնդիր չեմ տեսնում՝ 22 թվականին ընտրություններ են, թող մեծամասնություն հավաքեն, անեն:

Ով էլ լինի վարչապետը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է լինելու իշխանություն մինչև 2020 թվականը, իսկ Հանրապետական կուսակցության միակ․․․ կրկնում եմ՝ միակ, անբեկանելի, անփոխարինելի առաջնորդը Սերժ Սարգսյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG