Մատչելիության հղումներ

2019-ի մայիսին Մնջախաղի թատրոնը կունենա սեփական տարածքը


Հաջորդ տարի մայիսի 18-ին Մնջախաղի թատրոնը կնշի հիմնադրման 45-ամյակը: Մինչև այժմ թատրոնը սեփական տանիքը չի ունեցել, երկար տարիներ թատերախումբը գործել է նախ Գեղարվեստի ակադեմիայի շենքում, ապա շուրջ տարի՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում։

Անցյալ տարի վերջապես թատրոնին շենք հատկացվեց, և սկսվեցին տարածքի նախագծման աշխատանքները: Այսօր արդեն նախագիծը պատրաստ է, և Մոսկովյան պուրակում այն լրագրողներին ներկայացրին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Ժիրայր Դադասյանը և Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Մարտին Քյուրքչյանը:

Վերջինս նշեց, որ նախագծի հեղինակը Խաչատուր Գրիգորյանն է, բայց նախագծի վրա աշխատել են նաև մեր լավագույն ճարտարապետները՝ Նարեկ Սարգսյանը, Մկրտիչ Մինասյանը, Սաշուր Քալաշյանը, Հրաչյա Պողոսյանը և այլք:

Թատրոնին մուտքը Կորյունի փողոցից դեպի Մոսկովյան պուրակ ընկած հատվածում է լինելու: Թատրոնը կունենա 130 տեղանոց դահլիճ, ադմինիստրատիվ սենյակներ, փորձասենյակներ, դիմահարդարման սենյակներ։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ շենքի շինարարությունը կտևի մեկ տարի․ - «Այս տարվա մայիս ամսից սկսվում են շինարարական աշխատանքները, և այդ շինարարական աշխատանքների ծավալը կավարտվի եկող տարվա մայիսին: Կազդարարենք թատրոնի բացումը նոր շենքում, նոր տարածքում, նոր դահլիճում»:

Մնջախաղի թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանն ասաց․ - «Մի քանի օրից լրանում է իմ պաշտոնավարման 20 տարին թատրոնում: Եվ հաշվետվության նման մի բան է, որ 20 տարիների ընթացքում մենք եկանք հասանք այս կետին՝ իհարկե շնորհիվ պարոն Ամիրյանի և Հանրապետության նախագահի»:

Արմեն Ամիրյանն ասաց, որ շենքի նախագծային արժեքը «մոտ 260 միլիոնի չափ է»․ - «Իհարկե, պետք է մրցույթ հայտարարվի, ծավալները նորից շտկվի: Այս տարի կիրականացվեն մոտ 60 միլիոնի չափ աշխատանքներ, բայց հիմնական գումարային հատվածը, վճարումը կլինի եկող տարվա սկզբում՝ պայմանով, որ մենք մայիսին պետք է ավարտենք շինարարական բոլոր աշխատանքները: Մենք ունենք խնդիր նաև լուծելու հաջորդ տարվա բյուջեով՝ թատրոնի գույքի և տեխնիկայի հետ կապված: Շենքը տարբեր սեփականատերեր ունի․ առաջին երկու հարկը մասնավոր սեփականատերեր են, և կարծես լքված վիճակ է այս պահի դրությամբ: Մենք հուսով ենք, որ թատրոնը երբ որ սկսի գործել, մասնավորը ևս ուշադրություն կդարձնի իր տարածքին, և հուսանք, որ այս տարածքները ևս մշակութային նպատակի կծառայեն»:

Ժիրայր Դադասյանը խոստացավ, որ թատրոնի բացումը կազդարարվի նոր բեմադրությամբ․ - «Կոչվում է «Պիեռոյի երազը», դասական մնջախաղային թեմա է, բայց ինքը շատ ժամանակակից խնդիրների պիտի անդրադառնա, որը վերաբերվելու է մեզ: Մեր մասին է լինելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG