Մատչելիության հղումներ

Amnesti International-ը քննադատում է Իրանում գլխաբաց ակցիաներ անցկացրած կանանց նկատմամբ հետապնդումները


Գլխաբաց բողոքի ակցիա անցկացնող իրանցի կնոջ լուսանկարը, որը հրապարակվել է սոցցանցերում

Amnesti International իրավապաշտպան կազմակերպությունը «տագնապալից սրացում» է համարել Իրանում հիջաբներ կրելու դեմ բողոքող կանանց նկատմամբ խիստ մեղադրանքներ սահմանելու հայտարարությունը, ըստ որի նրանք կարող են անարդարացի դատապարտվել երկարաժամկետ բանտարկությունների: Օրերս ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ գլխաբաց ակցիաներ անցկացրած կանայք կմեղադրվեն կոռուպցիա ու մարմնավաճառության դրդելու հոդվածներով՝ ինչը 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով անցած տարվա դեկտեմբերից մինչ հիմա միայն Թեհրանում առնվազն 35 կին գլխաշորը հրապարակավ հանելու համար ենթարկվել է հարձակման, բռնության ու ձերբակալման: Նրանք հիմնականում միայնակ ակցիաներ են անցկացրել հիջաբներ կրելու, գլուխը և մազերը անպայման ծածկած պահելու Իրանի Իսլամական պետության պարտադիր կարգի դեմ:

Գլխաշորը հանելու համար ձերբակալված կանանցից մեկը՝ Նարգիզ Հոսեյինին, այդ նոր մեղադրանքներով Թեհրանում կանգնելու է բարոյականության կանոնների հարցերով դատարանի՝ Էրշադի առաջ:

Amnesti International կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային փոխտնօրեն Մագդալենա Մուղրաբին ասել է, որ դա «Իրանի իշխանությունների խորը հետընթաց քայլ է», որոնք շարունակաբար հալածում են դեմքը ծածկելու դեմ հանդես եկող կանանց: - «Շատ կանայք անարդարացի բանտարկվելու լուրջ և ուղղակի ռիսկի տակ են, ինչը նաև մյուսներին խելոք մնալու ուղերձ է, երբ նրանց իրավունքները խախտվում են»,- նշել է նա:

Իրավապաշտպան կազմակերպության փետրվարի 26-ի զեկույցում նշված է, որ կանանց և աղջիկներին գլուխը ծածկելու պարտադրանքով Իրանի իշխանությունները տասնամյակներով խախտում են նրանց իրավունքները և վիրավորում արժանապատվությունը: - «Իրենց իրավունքները պաշտպանող կանանց բանտարկություններով սպառնալու փոխարեն Իրանի իշխանությունները պետք է անհապաղ վերացնեն այդ խտրական, վիրավորական ու արժանապատվությունը նսեմացնող օրենքները», - ասել է Մագդալենա Մուղրաբին:

Amnesti International-ը շարունակվող ընդվզումների մի շարք դեպքեր է նշում: Շափարակ Շայարիզադեն գտնվում է բանտի մենախցում: Նրան ասել են, որ դատելու են նոր, խիստ մեղադրանքներով: Նրա փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը ենթարկվել է բռնությունների, քննչական մեկուսարանում նրան ծեծել են, մի քանի անգամ անհայտ հեղուկ են ներարկել՝ նրա կամքին հակառակ:

Վերջին շրջանում ձերբակալված երկու կանայք գրավի դիմաց ազատ են արձակվել, ևս երկու կանայք՝ Մարիամ Շարիաթմադարին ու Համրազ Սադեղին գտնվում են բանտում:

Փետրվարի 22-ին սոցցանցերով տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են ոստիկանները հրմշտում գլխաբաց կանգնած Մարիամ Շարիաթմադարիին: Ընկերներն ասել են, որ նրան վայր գցելու հետևանքով Մարիամը վիրահատության կարիք ունի, բայց բանտում նրան թողել են առանց բժշկական օգնության: Հաջորդ օրը ոստիկանները ծեծի են ենթարկել ու 30 ժամ բանտարկված պահել նրա մոըր, ով բանտ էր գնացել աղջկա առողջական վիճակից որևէ տեղեկություն ստանալու համար:

Փետրվարի 24-ին Համրազ Սադեղին Թեհրանում կանգնել էր կոմունալ ծառայությունների արկղի վրա, ու օդում ծածանել գլխաշորը: Նա ծեծի է ենթարկվել ոստիկանության սպայի կողմից ու ձերբակալվել: Ականատեսները պատմել են, որ բարձր տեղից կնոջը ցած են գցել, ջարդելով նրա արմունկը:

Իրանի իշխանությունների ներկայացուցիչները, այդ թվում գլխավոր դատախազը, Հեղափոխական դատարանի նախագահը վիրավորական արտահայտություններ են թույլ տվել հիջաբներ կրելու դեմ պայքարող կանանց հասցեին՝ մեղադրելով նրանց «դրսի թշնամիների» հետ առնչություն ունենալու մեջ: Իսկ Արդարադատության նախարարության խոսնակն ասել է, թե այդ կանայք գտնվում են «սինթետիկ թմրանյութերի ազդեցության տակ և ուղղորդվում են կազմակերպված հանցավոր խմբերի կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG